Ուկրաինական Femen շարժման ֆրանսիական թեւի կողմից պատրաստվել է բողոք-տեսանյութ, որի մեջ դատապարտում են Թուրքիայում տեղի ունեցող բռնությունները։

FEMEN-ի ակտիվիստուհիներն իրենց մարմնի վրա նկարել են Թուրքիայի դրոշը եւ գրել «Ազատ Թուրքիա» գրությունը։ «Չեն կարող ձեր իրավունքները կտրել Թաքսիմի ծառերի պես»,-նշվել է FEMEN-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու եւ ճանապարհ դարձնելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների: