Եվրոպայի մի քանի երկրներում հեղեղումների հետեւանքով զոհվել է ութ մարդ: Փրկարարները նախօրեին հայտնաբերել էին Գերմանիայի հարավի Թյուբինգեն շրջանում մայիսի 31-ին անհետացած մի տղամարդու դիակ: Նույն շրջանում երկրորդ անհետացածի որոնումները շարունակվում են: Ըստ ոստիկանության` նա նետվել կամ ընկել է գետը: Վեց մարդ զոհվել է Չեխիայում, մեկը` Ավստրիայում:
Անցյալ շաբաթվա կեսերից անդադար տեղացող հորդառատ անձրեւները Գերմիանիայի մի շարք շրջաններում դարձել են հեղեղումների պատճառ: Ամենից շատ տուժել են Բավարիան, Սաքսոնիան, Բադեն Վյուրտեմբերգը եւ Թյուրինգիան:
Հունիսի 4-ին Գերմանիայի Պասաու քաղաքում ջուրը հասել է մի մակարդակի, որը չէր դիտվել սկսած 1501թ.-ից, հաղորդում է ВВС-ն: Բնակիչներին տարհանում են նավակներով: Բանտարկյալներին նույնպես դուրս են բերել բանտերից, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Իրավիճակը լարված է նաեւ հարեւան Չեխիայում: Պրահայում եւս պատրաստվում են հարյուրավոր մարդկանց տարհանման:
Վլտավայում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ` ժամում մոտավորապես 20 սմ: Գրեթե ամբողջովին ջրի տակ են Պրահայի կենտրոնական մասի կղզիները: Ամբարտակների շնորհիվ դեռեւս հաջողվում է փակել ջրի ճանապարհը դեպի որոշ թաղամասեր:
Չեխիայում ջրհեղեղների դեմ պայքարում են 15 հազար հրշեջներ եւ 3 հազար զինծառայողներ: Նախկինում հաղորդվել էր 250 մարդու փրկության մասին:
Պրահայոմ փակվել են մետրոն եւ ջրի մաքրման կայանները: Վլտավայի ափերի երկայնքով ավազով պարկեր են շարված եւ հատուկ մետաղական պատնեշներ բարձրացված։ Պրահայի կենդանաբանական այգուց տարհանել են կենդանիներին: Հաղորդվում է, որ տեղափոխման ընթացքում վագրերին քնեցրել են:











