Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայությունները Լա Մանշ նեղուցի հատակից հանել են Dornier 17 ռմբակոծիչը, որն անգլիացիները կործանել էին 1940թ. ամռանը՝ օդային մարտում:  Վեր հանելու գործողության արժեքը գերազանցել է 930 հազար դոլարը: Վերականգնողական աշխատանքներն ավարտելուց հետո այն կցուցադրվի Բրիտանիայի Ռազմաօդային ուժերի թագավորական թանգարանում (RAF Museum), որը գտնվում է Լոնդոնի հյուսիսի Հենդոն նախկին  օդանավակայանի տարածքում:

Օդանավը «հիանալի վիճակում է», թեւերը եւ շարժիչները պահպանվել են, թեեւ 73 տարի մնացել է ջրի տակ, գրում է The Daily Mail-ը: Ռմբակոծիչը ջրից դուրս հանելու տեսագրությունը նկարահանել է ВВС-ն:

Պարզվել է, որ 1940թ. օգոստոսի 26-ին կործանված Dornier 17-ի անձնակազմի չորս անդամներից երկուսը զոհվել են, երբ օդանավը ջուրն է ընկել: Մյուս երկուսը գերեվարվել էին անգլիացիների կողմից, հաղորդում է NEWSru.com-ը:

Օդանավը Լա Մանշում հայտնաբերվել էր 2008թ.: Այնուհետեւ սկսվել էր այն վեր հանելու աշխատանքը: 2010թ. RAF թանգարանը հրապարակել էր ջրի հատակում մնացած կործանիչի տեսագրությունը՝ արված սուզորդների կողմից: Օդանավի որոշ հատվածներ վեր հանելիս նորից ծովն են ընկել, սակայն RAF թանգարանը Twitter-ում նշում է, որ դրանք ջրից կհանվեն ջրասուզորդների օգնությամբ:  Ենթադրվում է, որ վերականգնումը կտեւի երկու տարի: