Հայաստանի Էլեկտրոնային հասարակության ձեւավորման հայեցակարգի ներդրումն ամբողջությամբ կավարտվի 2012 թվականին։ Այս մասին մարտի 3-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը իրականացվելու է 3 հիմնական ուղղություններով։ Հայաստանում պետք է ավելացվի համակարգչային հագեցվածության մակարդակը, կառուցվի ինտերնետային լայնաշերտ հիմնացանց, եւ բարձրացվի էլեկտրոնային անվտանգության եւ կառավարման մակարդակը։ Ըստ վարչության պետի՝ մշակված հայեցակարգի որոշ կետեր արդեն իրականացման փուլում են։ «Նախորդ տարվանից գործարկվեց „Համակարգիչ բոլորի համար“ ծրագիրը, որի ամբողջական իրականացումը նախատեսվում է այս տարի, եւ աշխատելու ենք, որպեսզի ծրագրով վաճառվող համակարգիչների գներն իսկապես մատչելի լինեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ շուտով կավարտվի նաեւ Հայաստանում գերարագ ինտերնետ ցանցի կառուցման ծրագրի մշակումը, եւ կսկսվեն աշխատանքները։ Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանի ներսում ինտերնետի արագությունը կկազմի 100 մեգաբիթ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի ռազմավարական խմբի ղեկավար, Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեներ Արման Քուչուկյանը տեղեկացրեց, որ վերջին 50 տարվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ նման ծրագիր պետությունը չի իրականացրել։ «Եթե ֆինանսական խնդիրներ չծագեն, ապա ծրագրի իրականացումը բարդությունների չի հանդիպի»,- նշեց Քուչուկյանը՝ ավելացնելով, որ հայեցակարգի ծրագրերը կառավարության ուշադրության կենտրոնում են։



























