Բրազիլական Սան Պաուլուում հասարակական տրանսպորտում ուղեվարձի թանկացման դեմ բողոքողները կատաղի բախումներ են սկսել ոստիկանության հետ: Ի պատասխան օրինապահները կիրառել են ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, այդ թվում` 7 լրագրող: Ավելի քան 100 մարդ ձերբակալվել է, փոխանցում է RT-ն:
Ցույցերի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 137 մարդու, առգրավել զենք եւ թմրամիջոցներ:
Սան Պաուլուի տրանսպորտային ոստիկանության պատասխանատու Լիդիո Կոստան խոստովանել է, որ իրավիճակը «դուրս է եկել վերահսկողությունից»: Քաղաքապետը հայտարարել է, որ հունիսի 13-ի գիշերը ոստիկանությունը բռնություն է կիրառել:
Բրազիլիայի բոլոր քաղաքներում տարածվել են ուղեվարձի թանկացման դեմ պաստառներ: Ցուցարարները փակում են կենտրոնական փողոցները, աղբ են այրում եւ ավտոբուսներ շրջում: Նախորդ գիշեր ցույցերը Ռիո դե Ժանեյրոյում եւ Պորտու Ալեգրիում վերածվել են ոստիկանության հետ բախումների:











