Լուիզիանայի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով  զոհվել է մեկ, եւ վիրավորվել ութ մարդ: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ի երեկոյան` Դոնալդսոնվիլ քաղաքի CF Industries ընկերության  արտադրամասում: Երկու վիրավորների վիճակը ծանր է: 

Ըստ տեղի լրատվամիջոցների` պայթյունի պատճառ է դարձել բեռնատարներից մեկը, որի վրա բեռնելիս են եղել CF industries-ի արտադրանքը: Այժմ դեպքի վայրում աշխատում են փրկարարները եւ շտապօգնությունը, հայտնում է  RT-ն:

CF industries-ը ԱՄՆ-ում ազոտի եւ ազոտ պարունակող նյութերի արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է: Այն տարեկան շուրջ  5 միլիոն տոննա ամոնիակ է մատակարարում գյուղատնտեսական եւ արդյունաբերական կարիքների համար:

Հունիսի 13-ին հզոր պայթյուն էր տեղի ունեցել նաեւ Լուիզիանա նահանգի Գեյսմար բնակավայրի քիմիական գործարանում: Զոհվել էր մեկ մարդ, վիրավորվել` 70-ը: Պայթյունի հետեւանքով գործարանում հրդեհ էր բռնկվել, մարդկանց տարհանել էին: Պայթյունի պահին գործարանում 600  մարդ էր եղել: Ձեռնարկությունն արտադրում է էթիլեն եւ պրոպիլեն: