Ստամբուլում ծեծել եւ ձերբակալել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին, որը զբաղվում էր Թաքսիմ հրապարակի դեպքերի լուսաբանմամբ։

Լրագրողը «Նովայա Գազետային» պատմել է, որ ոստիկանական դատարկ մեքենաները լուսանկարելիս իրեն մոտեցել են քաղաքացիական հագուստով անձինք, հրամայել դադարեցնել նկարահանումը, ինչից հետո բռնել են, տարել մի կողմ եւ ծեծի ենթարկել։ Հետո Բաբչենկոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ խլել են փաստաթղթերը։ Բաբչենկոյին մեղադրում են տեղի իշխանությունների վրա հարձակվելու մեջ։
Վերջին տվյալներով՝ լրագրողին ոստիկանության բաժին են տեղափոխել։ Այնտեղ է մեկնել Ստամբուլում ռուսական հյուպատոսության աշխատակիցը։

NEWSru.com-ը հայտնում է, որ ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին գործընկերները  նկարահանել են ձերբակալվելիս։ Ռուսական հյուպատոսությունում հայտնել են, որ Բաբչենկոյի գործընկերները նրա ձերբակալությունից հետո այցելել են հյուպատոսություն, ինչից հետո ոստիկանության բաժին է մեկնել հյուպատոսության աշխատակիցը, բայց Բաբչենկոյին միանգամից ազատել չի հաջողվել։ Ոստիկանության ղեկավարությունը որոշել է նրան պահել մինչեւ առավոտ։ Բաբչենկոյի հետագա ճակատագրի, հնարավոր է՝ արտաքսման մասին որոշումը թուրքական իշխանությունները կկայացնեն հունիսի 15-ին։

Արկադի Բաբչենկոն անկախ լրագրող է, համագործակցում է  «Նովայա Գազետայի» հետ, գրում է ռազմական թեմաներով։
Թուրքիայում շարունակվում են մայիսի վերջին սկսված խռովությունները։ Սկզբում քաղաքացիները իշխանություններից պահանջում էին դադարեցնել «Գեզի» այգու վերակառուցումը, հետո ցույցերի ընթացքում սկսեցին հակակառավարական կոչեր հնչել։