Համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող որոշ ընկերություններ գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք չեն մատուցվում: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ հունիսի 18-ին հրապարկեց այդ ընկերությունների նկատմամբ իրականացրած վարչական վարույթի արդյունքները՝ քաղաքացիներից ստացված բողոքների հիման վրա:
Մասնավորապես՝ «Nout.am» անվանումով համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ տեղում միայն անձնագրով, 0% կանխավճար» բովանդակությամբ: Սակայն Հանձնաժողովի կողմից իրականացված դիտանցմամբ պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում:
Ընկերությունների նման վարքագիծը Հանձնաժողովը որակեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում եւ կիրառեց տուգանք՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, ինչն օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է: Ընկերությունները նախազգուշացվեցին զերծ մնալ նման գործելաոճից եւ անհապաղ վերացնել խախտումը:
Ավելի վաղ ՏՄՊՊՀ-ն նմանատիպ խախտման համար տուգանել էր նաեւ «Էյջ-թի էլեքթրոնիքս» ընկերությանը: ՏՄՊՊՀ մամլո քարտուղար Գայանե Սահակյանը նիստի ընթացքում հայտարարեց, որ համակարգչային խանութների մոտ բազմաթիվ են այնպիսի խախտումները, երբ գովազդի եւ վաճառքի փաստացի պայմանները չեն համընկնում:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, որ քիչ չեն այնպիսի տնտեսվարողները, որոնք ցանկանում են սպառողին խաբելու եւ մոլորեցնելու միջոցով շուկայում հաստատվել: Սակայն ՏՄՊՊՀ նախագահը խոստացավ այսուհետ էլ խստորեն վերաբերել նմանատիպ դեպքերին:




























