Բաքվում այս անգամ իրար են անցել ոչ ղարաբաղյան հարցի պատճառով, որովհետեւ տարածաշրջանի երկրներից մեկի վրա հասցրեցին այնքան մաղձ թափել, որ հենց իրենք էլ դրանում խեղդվեցին։ Իսկ ադրբեջանական քաղաքագետների ու նրանց թուրք եղբայրակիցների հերթական հոգեգարության շարժառիթ են դարձել Արմավիրի մարզում առաջիկա տարիներին կառուցվելիք հայկական նոր ատոմակայանի համար միջուկային վառելիք մատակարարելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության վերաբերյալ տեղեկությունները։ Ակնհայտ է, որ Հայաստան իրանական ուրանի հնարավոր մատակարարումների առիթով բարձրացված հիստերիան կուժգնանա, սակայն, այն, անկասկած, չի կարողանա որևէ կերպ ազդել քաղաքական ու տնտեսական փոխադարձ հետաքրքրություններով շաղկապված հայ-իրանական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման վրա։

Իսկ ի՞նչն է բուռն հակացդեցություն առաջացրել Բաքվում։ Իրանական «Tehran Times» թերթը, վկայակոչելով Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի նահանգապետ Ռահիմ Քորբանիին, ընդամենը հաղորդել էր Հայաստանին միջուկային վառելիք մատակարարելու Իսլամական Հանրապետության պատրաստականության մասին։ Իրանցի պաշտոնյան, մասնավորապես, հայտնել էր, որ միջուկային հարստացման տեխնոլոգիաների գործարկման լույսի ներքո իր երկիրը պատրաստ է միջուկային վառելիքով ապահովել հարևան երկրների ատոմային էլեկտրակայանները։ Քորբանիի այդ հայտարարությունը հնչեցվել է Հայաստանի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպմանը։ Իրանցի պաշտոնյան արդարացիորեն նշել էր նաև, որ բարեկամական երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը կնպաստի նաև այն հանգամանքը, որ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում շատ հայեր են բնակվում։

Միանգամայն անմեղ և, թվում էր թե, բացառապես տարածաշրջանի երկու երկրներին վերաբերող հայտարարությունները, վերջին տարիներին ավանդույթ դարձած իրավիճակի համաձայն, դարձել են մի ողջ երկրի վրա ադրբեջանական ու թուրքական քաղաքագետների հարձակման առիթ՝ հերթական անգամ մեղադրելով նրան բոլոր եղած մեղքերի համար։ Հակաիրանական հերթական քարոզչության «դրոշակակիրը» կրկին ադրբեջանական լրատվամիջոցներն են, որոնք առաջատար դեր են հատկացնում թուրք փորձագետներից մեկին՝ Արիֆ Կեսկինին։ «Եթե Իրանն իսկապես սկսում է միջուկային վառելիք մատակարարել Հայաստան, ապա նա կատարում է հերթական հիմարությունը և, դրանով հանդերձ, էլ ավելի մերձեցնում Ադրբեջանին Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ… ի՞նչ եք ուզում մոլլաններից, որոնք մանր-մունր ստորություններից բացի՝ էլ ոչ մի բանի ընդունակ չեն։ Նրանցից հոգնել է նույնիսկ իրենց սեփական ժողովուրդը»,- 1news.az-ին հայտարարել է թուրքական TURKSAM ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր խորհրդատու, պրոֆեսոր Արիֆ Կեսկինը։ Այստեղ հարկ է նշել, որ վերջին ժամանակներս ադրբեջանական և մի խումբ թուրքական քաղաքագետների մոտ գերակշռում էր Իսրայելի հետ բարեկամությանը հատուկ ուշադրություն և ողջ աշխարհում ամենազորի դեր հատկացնելու միտումը։ Զրկվելով ղարաբաղյան կարգավորման միջազգային միջնորդների միանշանակ աջակցությունից, Բաքվում, ըստ երևույթին, որոշել են բոլոր հույսերը կապել հրեական լոբբի հետ, հավանաբար մոռանալով, որ Իսրայելն առանց այն էլ չափազանց շատ փայտ է կոտրել և նա հազիվ թե ցանկանա զբաղվել ոչ մի զիջումների չգնացող ու մշտապես դժգոհ Ադրբեջանի խնդիրներով։ Իսկ այ Իրանի ժողովրդին զզվացրած մոլլաների վերաբերյալ թուրք փորձագետների հայտարարությունները, հատկապես ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ծիծաղելի ու անհեթեթ են։ Ում-ում, բայց հատկապես ադրբեջանցիներին պետք չէ գնահատականներ տալ այս կամ այն երկրի զզվեցրած ղեկավարության վերաբերյալ։ Նրանք ավելի լավ է մտածեն այն մասին, թե որքան է զզվեցրել հենց Ադրբեջանի բնակչությանն այն, որ այդ երկրի նորությունների թողարկումներում 15 րոպե շարունակ լուսաբանվում է նախագահի գործունեությունը, իսկ հետո ևս 10 րոպե՝ «առաջին տիկին, Միլի Մեջլիսի պատգամավոր, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, ЮHECKO-ի ու ЭCECKO-ի դեսպան Մեհրիբան Ալիևայինը»։

Ի վերջո, Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունների չարժե շատ «ականջ կախել», չէ որ առանց այդ էլ պարզ է, որ պայմանավորվելով ապագայում իրանական միջուկային վառելիքի Հայաստան մատակարարումների մասին, կողմերը հաստատ չեն նայելու Անկարային ու Բաքվին։ Ի վերջո, «շունը հաչում է, քամին՝ տանում»։