Հնդկաստանի հյուսիսում ուժեղ ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել 182 մարդ: Ավելի վաղ հաղորդվել էր 130 զոհի մասին: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկարարական գործողությանը մասնակցում են 5 հազար զինվորականներ եւ 20 ուղղաթիռներ, հաղորդում է РБК-ն:
Ջրհեղեղների պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք չեն դադարում արդեն մեկ շաբաթ: Աղետն առավելապես վնասել է Ուտարակհանդ, Խիմաչալ-Պրադեշ եւ Ուտար Պրադեշ նահանգները:
Ուտարակհանդ նահանգում ոչնչացել է ավելի քան 600 տուն, մոտ 75 հազար մարդ, այդ թվում ուխտավորներ, հայտնվել են աղետալի վիճակում, վաղորդում է Vesti.ru-ն:
Ջրի տակ անցնելու վտանգի տակ է հայտնվել Նյու Դելին, որի հետեւանքով մայրաքաղաքի որոշ շրջանների բնակիչների տարհանել են: Ափերից դուրս եկած Յամունան արմատախիլ է անում ծառերը, ջրի տակ թողում տաճարները, հաղորդում է NTD-ն:
Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ անձրեւները կթուլանան հաջորդ շաբաթվանից:











