Շրջակա միջավայրի նախարարությունը պետական խոշոր գնումների հայտնի մատակարար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին 106,566,180 դրամ է հատկացրել Հայաստանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում BTL ակտիվացումներ և փորձառնական մարքեթինգային ծառայություններ իրականացնելու համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով 2026 թվականի հոկտեմբերի 8-ին Շրջակա միջավայրի նախարարության և «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերության միջև կնքված համաձայնագիրը:

Մասնավորապես, համաձայն հավելվածի՝ այս գումարով Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել է «Պտտվող թիթեռ» ինստալյացիան, որի արժեքը կազմել է 24 մլն դրամ, «Թիթեռ-ճոճանակ» ինստալյացիան (արժեքը՝ 24,9 մլն դրամ), մարզային քաղաքներում՝ բրենդավորված ժամանակակից 4 կանգառներ (արժեքը՝ 37,3 մլն դրամ), «Թումո» կենտրոնի և Նաիրի Զարյան փողոցին հարակից այգիներում՝ «Բնության կոնստրուկտոր» ինտերակտիվ ակտիվացումներ 2 հատ (արժեքը՝ 13,2 մլն դրամ), ինչպես նաև Երևանի Խաչքարերի պուրակում տեղադրվել է լոգոյի ձևավորմամբ հատուկ նստարան, որի արժեքը նշված չէ:

Ըստ համաձայնագրի՝ ծրագրի շրջանակում իրականացվել են նաև ստեղծագործական հայեցակարգերի մշակման, ինժեներական և դիզայներական նախագծման, արտադրության, լոգիստիկայի, մոնտաժման, ինչպես նաև մինչև 40 մասնագետից բաղկացած թիմի ներգրավմամբ տեխնիկական և գործառնական ամբողջական սպասարկման աշխատանքներ։

«Դոպինգ Սփեյս» ընկերության հետ կնքված մեկ տասնյակից ավելի համաձայնագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ միջազգային համաժողովի կազմակերպումը Հայաստանի հարկատուների վրա բավականին թանկ է արժեցել:

Մասնավորապես, միայն COP17 համաժողովի անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների պատրաստվածության ապահովման նախագծի համար հատկացվել է ավելի քան 2,18 մլրդ դրամ: Համաժողովի անցկացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների ապահովման և երթևեկության կազմակերպման համար տրամադրվել է շուրջ 487,1 մլն դրամ, անհրաժեշտ կահույքի ձեռքբերման և մատակարարման համար՝ ավելի քան 407,3 մլն դրամ, իսկ COP17 բրենդային նվերների մշակման և արտադրության համար՝ շուրջ 289,5 մլն դրամ։ Համաժողովի կազմակերպման ընթացքում մուտքերի վերահսկման ապահովման ծառայություններն արժեցել են շուրջ 119,5 մլն դրամ, հիմնական վայրում լուսային և ձայնային համակարգերի ապահովման ծառայությունները՝ ավելի քան 105,4 մլն դրամ, իսկ անվտանգության և պահնորդական աշխատանքների համակարգման համար վճարվել է ավելի քան 103,2 մլն դրամ։

357,1 մլն դրամ արժեցել է թվային հաղորդակցություն, մեդիա առաջխաղացման համակարգում և գովազդի տեղաբաշխումը, իսկ աուդիովիզուալ բովանդակության մշակման և արտադրության ծառայությունները գնահատվել են ավելի քան 223 մլն դրամ, ոչ թվային արտաքին գովազդի ստեղծումն ու տեղաբաշխումը՝ շուրջ 208,5 մլն դրամ, իսկ թվային արտաքին գովազդինը՝ ավելի քան 189,4 մլն դրամ։ Բացի այդ, Հայաստանի կենսաբազմազանության մասին վավերագրական ֆիլմի և մուլտսերիալի պատրաստման համար հատկացվել է 116,6 մլն դրամ, իսկ տեսահսկման համակարգերի մոնտաժման և կարգաբերման աշխատանքների համար՝ ավելի քան 103,5 մլն դրամ։ Համաժողովի էներգիայի անխափան ապահովման նպատակով լրացուցիչ էներգահամակարգերի (գեներատորներ, կաբելային համակարգեր) մատակարարումն ու տեղադրումն արժեցել է շուրջ 89,7 մլն դրամ, միջոցառման անցկացման վայրերի, տրանսպորտային միջոցների ու այլ տարրերի բրենդավորման և լայնամասշտաբ տեղեկատվական արշավի համար վճարվել է 54,6 մլն դրամ և այլն:

Ուշագրավ է, որ ներկայացված համաձայնագրերում բացակայում են տեղեկությունները այն մասին, թե «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն կոնկրետ ո՞ր ընկերություններից է ձեռք բերել ծառայություններ, և ինչ չափանիշներով կամ սկզբունքով են ընտրվել ենթակապալառուները։

Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման նպատակով կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախատեսվել էր 18.5 մլրդ դրամ։

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։ Ըստ նախարարության՝ ՀՀ կառավարության որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Մինչդեռ գնումների միասնական կայքում հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ միջոցառման կազմակերպումն ամբողջությամբ պատվիրակվել է մեկ ընկերության, ինչը ենթադրում է, որ պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման, ծախսերի արդյունավետության և հնարավոր ռիսկերի կառավարման ամբողջ պատասխանատվությունը դրված է մեկ կազմակերպության վրա։

«Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն, որի հետ առանց մրցութային ընթացակարգի միլիարդավոր դրամների պայմանագրեր են կնքվել, հայտնի է պետբյուջեի հաշվին պաշտոնական միջոցառումների ու համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև Սնուփ Դոգի համերգի իրականացումը ձախողելով: Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունից: Այս գումարը գոյացել է 2025 թվականի օգոստոսի 3-ին Երևանում կայացած Ջենիֆեր Լոպեսի համերգի բյուջեի մնացորդից, ուշացած հաշվետվությունների տուգանքներից և պայմանագրային այլ պարտավորություններից։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին, իսկ ընկերության բաժնետերը Հայկ Սիմոնյանն է: