Ինդոնեզիայի անտառային հրդեհների ծուխը պատել է Սինգապուրի երկինքը. Երկրում մի քանի մարզական խոշոր միջոցառումներ են հետաձգվել, այդ թվում՝ թիավարության մրցումները: Վատ տեսանելիության պատճառով երթեւեկությունը սահմանափակվել է, ճանապարհային աշխատանքները դադարեցվել են:
Սինգապուրի վարչապետը բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում տնից դուրս չգալ, հայտնում է ВВС-ն: Շրջակա միջավայրի դիտարկման ազգային գործակալության տվյալով՝ օդի աղտոտվածությունը երեկոյան գերազանցել է 320-ը: Սա այդ երկրում վերջին ժամանակներում գրանցված առավելագույն ցուցանիշն է:
Ինդոնեզիայի անտառային հրդեհները հաճախ կազմակերպում են տարածքը գյուղատնտեսական նպատակների համար մաքրելիս:
Lenta.ru-ն հայտնում է, որ Սինգապուրի բնապահպանության նախարար Վիվիան Բալակրիշնան Facebook-ի իր էջում դիմել է Ինդոնեզիայի իշխանություններին. «Ոչ մի երկիր իրավունք չունի աղտոտել օդը՝ վտանգելով Սինգապուրի բնակչության առողջությունն ու բարօրությունը», —գրել է Բալակրիշնան: Սպասվում է, որ այս առիթով երկու երկրների համատեղ խորհրդակցությունը կկայանա այսօր՝ հունիսի 20-ին:











