Հրդեհ է բռնկվել Լատվիայի նախագահի նստավայր Ռիգայի ամրոցում: Վտանգի տակ են պատմական թանգարանի անգին նմուշները: Ներկայումս հրշեջները փորձում են մարել տանիքի կրակը: Ըստ Delfi-ի հաղորդման` շենքն արդեն այդքան էլ սաստիկ չի այրվում, թեեւ որոշ հատվածներում կրակ է նշմարվում:
Հրդեհը սկսվել է հունիսի 20-ի ուշ երեկոյան: Գրեթե ամբողջությամբ այրվել է Ռիգայի ամրոցի տանիքը, որից հետո այն փլուզվել է: Դեռ չի հաջողվել տեղայնացնել կրակը:
Լատվիայի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե Գրենդեն հրշեջների հետ մտել է այրվող շենք՝ համոզվելու, որ թանգարանի ցուցանմուշները չեն վնասվել , հայտնում է «ԱիՖ»-ը:
Ռիգայի ամրոցը վերանորոգվում էր անցյալ տարվա դեկտեմբերից, շարունակվում էին երեսպատման աշխատանքները:
Լատվիայի Ազգային պատմական թանգարանի տնօրենը հայտնել է, որ տուժել են որոշ նմուշներ, սակայն վերջինսչի կարողացել գնահատել վնասը, գրում է «polit.ru»-ն:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Լատվիայի մշակույթի նախարար Ժանետա Յաունզեմե Գրենդեն հունիսի 21-ի առավոտյան հրդեհի առնչությամբ Ճգնաժամային կոմիտեի արտակարգ նիստ է գումարել:
Ռիգայի ամրոցը գտնվում է Ռիգա քաղաքում` Դաուգավայի ափին: Ռիգայի ամրոցի պատմությունը սկսվում է 1330թ.-ից, երբ դրա շինարարությանը ձեռնամուխ էին եղել այն ժամանակվա քաղաքի սահմաններից վտարված ասպետները: Սկզբում ամրոցում բնակվել են լեհերը (1578-1621), իսկ հետո շվեդները (1621-1710) : Լատվիայի անկախությունից հետո Ռիգայի ամրոցը հռչակվել էր նախագահի նստավայր:











