Բրազիլիայում հունիսի 20-ի բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ: Ամենազանգվածայինը եղել է Ռիո դը Ժանեյրոյի բողոքի ցույցը, որտեղ փողոց է դուրս եկել 300 հազար մարդ:

Ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, որոշ դեպքերում բողոքավորներին ցրելու համար ոստիկանները կիրառել են ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ, գրում է «Նեզավիսիսմայա գազետան»:

Մայրաքաղաք Բրազիլիայում  բողոքի ցույցի հետեւանքով տուժել է  արտգործնախարարության շենքը: Ծայրահեղական երիտասարդների մի խումբ գրոհել է շենքը: Ոստիկանությունը հետ է մղել հարձակվողներին` կիրառելով մահակներ եւ արցունքաբեր գազ: Բախման ընթացքում կոտրվել են  ԱԳՆ-ի շենքի մի քանի ապակիներ եւ ապակյա դռներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մուտքի մոտ բռնկված հրդեհն արագ մարվել է: Ձերբակալվել է երկու մարդ, տասնյակն մարդ վիրավորվել է: Ավելի վաղ ցուցարարների մի մասն ապարդյուն փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք եւ նախագահական  պալատ: Այդ շենքերը շրջապատված են ոստիկաններով եւ զինծառայողներով:

Սան Պաուլու նահանգի Ռիբեյրան Պրետու քաղաքում  բողոքի ցույցերը ողբերգությամբ են ավարտվել: Անհայտ  անձը մեքենայով  մխրճվել է ցուցարարների խումբ: Երեք մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ 18-ամյա Մարկուս Դելեֆրատեն տեղում մահացել է:  

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» գրում է, որ Բրազիլիայի Սալվադոր քաղաքում բողոքողները քարեր են նետել ՖԻՖԱ-ի երկու ավտոբուսների վրա: Բողքողները կոտրել են նաեւ  Hotel Sheraton հյուրանոցի ապակիներից մեկը, ուր տեղավորվել են ՖԻՖԱ-ի անդամները:  Սալվադորում տեղի է ունեցել Կոնֆեդերացիայի գավաթի խաղը Նիգերիայի եւ Ուրուգվայի միջեւ:

Բրազիլիայում բողոքները սկսվել էին այն բանից հետո, երբ հունիսի սկզբին Սան Պաուլուում եւ Ռիո դը Ժանեյրոյում բարձրացրել էին հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Հունիսի  19-ին երկու քաղաքների իշխանությունները վճռել էին   նվազեցնել սակագները նախկին մակարդակին, սակայն հետագա իրադարձությունները ցույց  տվեցին, որ դա չհանդարտեցրց կրքերը: Ցույցերի մասնակիցներն այժմ ավելի մեծ սոցիալ-տնտեսական պահանջներ են ներկայացնում:

Ներքին բարդ իրադրության պատճառով Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը հունիսի 20-ին վճռել է հետաձգել պաշտոնական այցը Ճապոնիա: