Կանադայի հարավում ջրհեղեղը առնվազն երեք մարդու կյանք է խլել: Մահացածների մարմինները հայտնաբերվել են Հայվուդ գետում: Եւս մեկ կնոջ ջուրը քշել է հենց փողոցից, նրան փնտրում են:
Ջրհեղեղը հիմնական հարվածը բաժին է ընկել Ալբերտա նահանգին, որտեղ հորդառատ անձրեւների հետեւանքով գետը դուրս է եկել ափերից: Ջրի տակ են մնացել հիմնական մայրուղիները, վարորդներին ստիպված են եղել փրկել ուղղաթիռներով, գրում է НТВ-ն:
Ջուրը հեղեղել է Կանադայի նավթային մայրաքաղաք Կալգարին: Քաղաքով անցնող երկու գետերը՝ Բոուն եւ Էլբոուն գրավել են քաղաքի կենտրոնը: Տուժել են հազարավոր շինություններ, այդ թվում Հոկեյի լիգայի Calgary Flames ակումբի սառցադաշտը:
Քաղաքում փակվել են բոլոր դպրոցներն ու քոլեջները, տուժած շրջաններում անջատել են էլեկտրամատակարարումը: Ջուրը սպառնում է կենդանաբանական այգուն: Իշխանությունները որոշել են վտանգի դեպքում գազաններին տեղափոխել դատարանների շենքերում գտնվող ամբաստանյալների խցեր:
Աղետի գոտում արտակարգ դրություն է հայտարարվել, ավելի քան 100 հազար մարդ տարհանվել է: Այս ջրհեղեղը համարում են ամենաուժեղը վերջին 100 տարվա մեջ:











