Լրատվամիջոցներով հաճախ են տարբեր սենսացիաներ ներկայացվում այլմոլորակայինների, դինոզավրերի, ուրվականների, ձնե մարդու մասին...Դրանցից մեկն էլ հսկաների մասին պատմությունն է, որոնք իբր բնակվել են հին ժամանակներում եւ անգամ պահպանվել մինչեւ մեր օրերը: Հսկաների մասին հաղորդումներից մեկը NEWS.am-ը խնդրեց մեկնաբանել ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի  տնօրեն Պավել Ավետիսյանին:

Պրն Ավետիսյան, վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով ցուցադրված  հսկաների մասին հաղորդման ժամանակ մեծ տեղ հատկացվեց Հայաստանին: Մասնավորապես, նշվում էր, որ մեր երկրի տարածքում բնակվել են վիթխարի հասակի մարդիկ, ցուցադրվեց նաեւ Ձեզ հետ հարցազրույցից հատված:

Պետք է ասել, ինձ անցած տարի այցելած հեղինակները ոչ մի հարց չեն ուղղել հսկաների մասին: Նրանց հետաքրքում էին Հայաստանի տարածքում գտնվող դամաբարանները, ծիասկարգերի մանրամասները, այնտեղ հուղարկավորված  մարդկանց աճյունների մասին տեղեկատվություն: Այդ հատվածներն էլ նրանք պարզապես ներառել են իրենց հաղորդման մեջ: Սակայն կրկնում եմ, կոնկրետ հարցեր` եղել են արդյոք  հայ ժողովրդի բնակության տարաքծում հսկաներ, թե ոչ, չի եղել:

Սակայն եղե՞լ են հնագույն ժամանակներում մեր երկրում հսկաներ, ինչպես ասվում էր այդ հաղորդման մեջ:

Մենք շատ հնագույն դամբարաններ ենք հետազոտել: Եվ կարող եմ միանշանակ ասել, որ այնտեղ թաղված մարդիկ սովորական չափերի են: Մի խոսքով, 1,8 մետրից  բարձր մարդիկ հազվադեպ են հանդիպել, չնայած եղել են եզակի դեպքեր, երբ նրանց հասակը եղել է 1,9 մետր: Բայց նման «հսկաներ» հանդիպում են նաեւ մեր օրերում:

Մի անգամ ես հոդված կարդացի այն մասին, որ Նապոլեոնի զինվորների միջին հասակն ավելի ցածր է եղել ներկայիս ֆրանսիացիների հասակից...

Այո, եթե դիտարկենք մարդկանց միջին հասակի ցուցանիշի պատմական դինամիկան, ապա ակնհայտ է հասկի աճը: Ժամանակակից մարդու հասակի միջին  ցուցանիշն ավելի բարձր է, քան նրա նախնիներինը...

Հսկաները գոյություն ունեն շատ ժողովուրդների  առասպելաբանության մեջ,  հեքիաթներում ...

Բոլոր ժողովուրդներն ունեն իրենց առասպելները, որտեղ հերոսները հսկաներ են: Հայկական առասպելաբանության մեջ եւս հիշատակվում են հսկաները: Սակայն  խոսքը ոչ թե մահկանացուների, այլ  աստվածների զավակների մասին է: Առասպելական հսկաները հասակով մի փոքր գերազանցել են սովորական մարդկանց, սակայն իրականում ոչ մի ապացույց չկա:

Խոսելով հետքերի մասին, հիշեցի այսպես կոչված ձնե մարդու մասին սենսացիան: Լրատվամիջոցներում հաճախ է հայտնվում մարդու հսկայական ոտնահետքի լուսանկար, որը «հաստատում է» նրանց գոյությունը...

Ինքս անձամբ նման հետքերի չեմ հանդիպել, միայն տեսել եմ հեռուստատեսությամբ: Բնականաբար, եթե նման ոտնահետքը ինչ-որ էակի է, ապա ոտքի չափից դժվար չէ որոշել նրա հասակը: Սակայն ես կասկածում եմ,  որ նման հետքերը պատկանում են ինչ-որ էակի: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է «ոտնահետքը»  պահպանվել ժայռային վայրերում:  Սակայն, ինչպես նշեցի, ինքս նման հետքերի չեմ հանդիպել, այնպես որ կդժվարանամ հաստատել կամ ժխտել ...Սակայն, որպես կանոն, այլմոլորակայիններին կամ նման էականերին տեսնում է  մեկ մարդ...Հայաստանում բանկչության խտությունը մեծ է, անգամ փոքր կենդանիներեն են մի քանի անգամ հայտնվում տեսադաշտում: Ինչպես կարող են խոշոր էակները հաջողությամբ թաքնվել: Այնպես որ քանի դեռ ակնհայտ փաստեր չկան, նման պատմություններին հավատալն անհուսալի գործ է:

Գրի առավ Սմբատ Գրիգորյանը