Գիտնականները որոշել են, որ ժամանակն է՝ Curiosity մարսագնացն ուղեւորվի դեպի իր գլխավոր հետազոտական նպատակը՝ Էոլիդա լեռը, որը նաեւ կրում է «Շարպի լեռ» ոչ պաշտոնական անվանումը (ի պատիվ բրիտանացի երկրաբան Ռոբերտ Շարպի):

Գիտնականների հետաքրքրությունը բացատրվում է նրանով, որ դեռ մարսագնացի գալուց առաջ արբանյակներն այդ տեղանքում արձանագրել են այնպիսի ապարների առկայություն, որոնք, ըստ ամենայնի, ժամանակին եղել են ջրի տակ:

Մարսագնացի ներկայիս դիրքից մինչեւ վերջնակետ կազմում է ընդամենը ութ կմ (Էոլիդան գտնվում է Գեյլի խառնարանի կենտրոնում), բայց դա կտեւի մի ամբողջ տարի: Եթե ամեն ինչ ծրագրով գնա, 2014թ. երկրորդ կեսին Curiosity-ն կհասնի Էոլիդայի ստորոտին, հայտնում է Vesti.ru-ն:

Ճանապարհին բազմաթիվ ավազաբլուրներ կան, եւ մարսագնացը ետք է շրջանցի դրանք: Նաեւ ճանապարհին կարող են հետաքրքիր նմուշներ հայտնաբերվել, եւ մարսագնացը գիտնականների ցուցումով կարող է կանգնել եւ հետազոտել դրանք: