Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ կապված միջադեպը, ինչպես նաեւ նրա հետագա պաշտոնավարման հարցը չի քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հենրիկ Նավասարդյանը:
Նա նշեց, որ ինչ-որ լրագրողների պահանջով իր հրաժարականը նորմալ չի համարում եւ հիմք չի տեսնում այն պահանջելու: Հենրիկ Նավասարդյանի խոսքով` մի ինչ-որ լրագրողի հետ կապված ինչի՞ համար պահանջեն իր հրաժարականը, երբ, օրինակ, շատ լրագրողներ համամիտ կլինեն, որ ինքը շատ սիրալիր է եղել բոլորի հետ, դեպք չի եղել, որ որեւէ հարցի չպատասխանի կամ կոպտի:
«Լրագրողը հետեւիցս անընդհատ ներվերս սղոցելով գալիս էր, ես խոսում էի, ինքը անընդհատ հետեւիցս ինձ խանգարելով գալիս էր, ջղայնացած վիճակ էր: Եթե ես լրագրողին պահի տակ ջղայնացած ժամանակ նեղացրել եմ, ես բոլոր լրագրողներից եմ ներողություն խնդրում: Վատ զգալու հարց չունեմ, կարծում եմ, որ ես, իմ կրթությունը, դաստիարակությունը թույլ չի տա ինչ-որ մարդու հայհոյել կամ չգիտեմ ինչ ասել: Զղջալը ո՞րն է, եթե բան չեմ ասել, ինչի՞ համար եմ զղջում, ասել եմ` գնա քո ներվերը ես չունեմ: Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, ես ներողություն եմ խնդրում, իմ նպատակ չէր որեւէ մեկին վիրավորելը, ես չէի կարող իմանալ, որ նա լրագրող է»,- ասաց վարչության պետը
Նա շեշտեց, որ շատ-շատ լրագրողների է հանդիպել, որեւէ մեկին կոպիտ կամ թթու խոսք չի ասել, եւ «հիմա ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի բան է ասում, ու նման հարց է բարձրացնում, դա նորմալ չի»: Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ այլեւս չի խոսելու բողոքի ակցիա անող երիտասարդների հետ, նրանց հետ կհանդիպի միայն քաղաքակիրթ ձեւով` կլոր սեղանի շուրջ:
Բանն այն է, որ առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող երիտասարդների հարցերին պատասխանելու համար նա իջել էր շենքից, իսկ ակտիվիստները կոպեկներ էին նետել վարչության պետի վրա: Իսկ հուլիսի 22-ի ակցիայի ժամանակ, երբ նա նորից իջել էր իր աշխատասենյակից ցուցարարների հետ զրուցելու համար, մեջքին պաստառ են փակցրել «Վճարել 100 դրամ» գրությամբ պաստառ: «Չէ՞ որ ես տարիների փորձ ունեմ, տարիների վաստակ ունեմ այդ բնագավառի համար: Չէ՞ որ ես նաեւ երեխա ունեմ, ընտանիք ունեմ, ինչքանո՞վ է գեղեցիկ: Առաջին անգամ կոպեկներ շպրտեցին, երկրորդ անգամ տենց բաներ, ես չգիտեմ վաղը մյուս օր ինչ կանեն, պատրաստ եմ միայն քաղաքակիրթ եղանակով նստել կլոր սեղանի շուրջ»,- ասաց վարչության պետը` հավելելով, որ իր մեջքին փակցրած գրությունը օգնականը տեսել էր եւ պատռել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է iLur.am լրատվական կայքի լրագրողին: Վերջինս երեկ՝ հուլիսի 21-ին փորձել է հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:
Տեսանյութը` iLur.am-ի











