Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ այսօր` հուլիսի 23-ին, ժամը 11.00-ին, հավաքվել են «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամները (ֆոտոռեպորտաժ):

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին` պատճառաբանելով, թե քաղաքապետարանից բողոքներ ունեն, որ խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքը, հնարավորություն չեն ունենում շենք մտնել:

Ակցիայի մասնակիցները, սակայն, վճռական են տրամադրված եւ մտադիր են մոտենալ քաղաքապետարանի շենքի մուտքին: Նրանք կանգնած են շենքի հարակից տարածքում` մայթերին, պաստառներով, այս անգամ ցուցարարները հնարավորություն չեն ունեցել նստել խոտերի մեջ, քանի որ դրանց մեջ ջուր է միացված:

Այսօր ակցիայի մասնակիցներից  3-ը բերման է ենթարկվել ոստիկանություն: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակտիվիստները հասարակական կարգն են խախտել, երեկ ակցիայի մասնակիցներից մեկը հարվածել է ոստիկանի եւ իրենք շատ ահազանգեր են ստացել թե վարորդներից, թե քաղաքացիներից, որոնք բողոքել են, թե իրենց ակցիայի մասնակիցները խոչընդոտում են իրենց ազատ տեղաշարժը:

Այս պահի դրությամբ ցուցարարները դեռ վերջնական չեն որոշել` ինչ անել, նրանք փակել են Երեւանի քաղաքապետարանի հարակից փողոցը: Ակցիայի մասնակիցները ցանկանում են Երեւանի կենտրոնական փողոցներում երթ անել եւ մարդկանց կոչ անել չվճարել 150 դրամ:

Ի դեպ, ժամը 12.00-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ կմեկնարկի լրագրողների կազմակերպած բողոքի ակցիան: Նրանք պահանջում են Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, ով, iLur.am-ի լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:

Այսօր` հուլիսի 23-ին, ժամը 16.00-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ նորից նախատեսվում է  բողոքի ակցիա, իսկ մինչ այդ ակտիվիստները կշրջեն փողոցներում, «Չենք վճարելու 150 դրամին» միացողներն էլ կշարունակեն իրենց մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am