Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցներից մեկն ուշաթափվել է: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Ժամանել է «Շտապօգնություն», նրան ցուցաբերվել է առաջին օգնություն, եւ երիտասարդ աղջիկը այժմ լավ է:
Նշենք, որ քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ արձակվեցին նաեւ բերման ենթարկված եւս երկու ակտիվիստների` Սամվել Խաչատրյանին եւ Վահե Մելքոնյանին: Մինչ այդ ազատ էր արձակվել Մաքսիմ Սարգսյանը:
Սամվել Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առավոտյան 9.00-ի սահմաններում Նոր Նորքի 5-րդ զանգվածի իրենց բնակարան են եկել ոստիկանները եւ հրավիրել բաժին: Նա բերման է ենթարկվել ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու համար, մինչդեռ այս ամենը Սամվել Խաչատրյանի համար լրիվ անակնկալ էր:
Երիտասարդը պատմեց, որ ինքը առհասարակ ակցիայի մասնակից չի եղել, երեկ աշխատաքից հետո տեսել է, որ երիտասարդները հավաքված են, մի պահ գնացել է նրանց մոտ, իսկ հետո վերադարձել տուն: Նա շեշտեց, որ առհասարակ ոչ մեկի հետ չի խոսլե, չի առնչվել այդ ակցիաներին, սակայն այսօրվա դեպքից հետո դառնալու է ակցիայի ակտիվ մասնակից:
Իր հերթին, Վահե Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այսօր 10.45-ի սահմաններում Երեւանի քաղաքապետարանի մոտից տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ իրեն հայտնել են, որ որպես վկա բերման են ենթարկում իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցուցյ տալու եւ գույքը վնասելու համար: Վահեն ասաց,որ երեկ առհասարակ տնից դուրս չի եկել եւ չի մասնակցել բողոքի ակցիային, ինչը հայտնել է նաեւ ոտսիկանության Կենտրոնի բաժնում:
Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ են ՀԱԿ-ի ակտիվիստներից Արեգ եւ Սարգիս Գեւորգյանները: Վերջինս iLur.am-ի օպերատորն է:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է նաեւ, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժնում են գտնվում նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը, քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ, ակտիվիստներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











