Որոշ տեղեկությունների համաձայն` Շենգավիթ վարչական շրջանում` Գարեգին Նժդեհ հրապարակում, թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել երիտասարդ ակտիվիստ աղջկա: Այս մասին այսօր` հուլիսի 24-ին, Մաշտոցի պուրակում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության անդամներից Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ հայտնի չէ աղջկա ինքնությունը, փորձում են ճշտել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նման դեպքի մասին ահազանգ չկա:
Իսկ Շենգավիթի թաղապետարանի աշխատակազմի քարտուղարը մեզ հետ զրույցում ասաց, որ «չգիտի` նման միջադեպ եղել է, թե ոչ», բայց վերջինս շեշտեց, որ թե աշխատանքի բերումով, թե մարդկային առումով իրենց թաղապետարանում նման մարդ չկա, որ որեւէ մեկին ծեծի, առավել եւս` երիտասարդ աղջկա: «Չէր կարող նման բան լինել, չգիտենք էլ ինչի մասին է խոսքը, որեւէ առնչություն չունենք, թող համենան, եթե գիտեն, աշխատակազմում մեկին մատնացույց անեն, որ ինքն է ծեծել, նա խիստ պատասխանատվության կենթարկվի»:
Աշխատակազմի քարտուղարը նաեւ հավելեց, որ թաղապետ Արմեն Սարգսյանի կողմից հանձնարարություն կա` պարզել եղել է նման միջադեպ, թե ոչ, եւ եթե նման միջադեպ եղել է, ապա այդ անձը խիստ պատասխանատվության կենթարկվի, բայց «այդպիսի բան չկա»:
Ավելի ուշ hetq.am կայքը հրապարակեց, որ այսօր առավոտյան 9:30 - 10:00-ի սահմաններում Շենգավիթ համայնքի կանգառներից մեկում երկու անհայտ անձինք երկու անգամ հարվածել են «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի ակտիվիստ Աստղիկ Աղեկյանին: Ակտիվիստուհուն օգնության են հասել կանգառում գտնվող քաղաքացիները: Աստղիկ Աղեկյանը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը: Նա համարում է, որ բռնությունը նպատակ ունի վախեցնել պայքարի ակտիվիստներին, սակայն իրենք այլեւս որեւէ մեկից չեն վախենում:
Մանրամասները` տեսանյութում:











