Հայաստանի կառավարության շենքի առջեւ այսօր՝ հուլիսի 25-ին, սկսել է «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ Երեւանի տրանսպորտի թանկացման դեմ: Ցուցարարների թիվը գնալով ավելանում է (ֆոտոռեպորտաժ):

Նախաձեռնության անդամներն ընթերցեցին իրենց պահանջագրի տեքստը, որտեղ նշված է, որ կառավարության նիստում քննարկվելու է գաղտնի հարց՝ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ինչը հավանաբար վերաբերելու է տրանսպորտի բարձրացմանը: Նրանք ընդգծեցին, որ անընդունելի է հանրային հարցերը շոշափող խնդիրները քննարկելի փակ ռեժիմով: «Քաղաքապետը ընտրովի պաշտոն է, ուստի այդպիսի հարցերը պետք է քննարկվեն բաց եւ թափանցիկ»,-ասացին ակտիվիստները՝ հավելելով, որ չեն ընդունելու տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ որեւէ որոշում, որը կիրականացվի պետբյուջեից սուբսիդավորմամբ կամ այլ ոլորտներին ծախսերի կրճատմամբ:

«Երեւանի տրանսպորտի ցանցը գտնվում է Երեւանի քաղաքապետարանի լիազորության շրջանակներում եւ կառավարությունն իրավունք չունի միջամտել այդ խնդիրներին, հակառակ դեպքում՝ կառավարությունը դառնում է քաղաքապետարանի ապօրինի որոշման մասնակիցը»,-նշեցին ակտիվիստները:

Այս պահին ցույցը շարունակվում է, ելույթներ են ունենում տարբեր քաղաքացիներ, նշելով, որ սա քաղաքական ու կուսակցական պայքար չէ, այլ՝ հասարակական:

Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են կառավարությանը շենքը, իսկ պաշտոնյաները հետնամուտքից են ելումուտ անում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am