Քիչ առաջ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության մի շարք ակտիվիստներ երթով Երեւանի քաղաքապետարան հասցրեցին 50 դրամի նմանեցված տորթը, որի վրա պատկերված էր 50 դրամանոց, իսկ ներքեւում գրված էր. «Կերեք, կշտացեք», հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Ակտիվիստների փոխանցմամբ՝ դա չի նշանակում, որ իրենք կողմ են ուղեվարձի 50 դրամով թանկացմանը, այլ փորձում են տորթի միջոցով իշխանությունների ախորժակը փակել, որպեսզի երթուղայիններն ու ավտոբուսները շարունակեն գործել 100 դրամով:
Շուրջ 30 րոպե է, ակտիվիստները գտնվում են քաղաքապետարանի դիմաց, սակայն ոչ ոք չի իջնում տորթը վերցնելու համար, իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս, որ ակտիվիստները տորթը փոխանցեն քաղաքապետարան:
Օսպիպյանը ցուցարարներին առաջարկեց տորթը հյուրասիրել ակցիայի մասնակիցներին, իսկ նրանք էլ հակադարձեցին, որ թեեւ իրենք քաղցած են, բայց տորթը հասցեատեր ունի՝ հանձին Տարոն Մարգարյանի:
Ակտիվիստները վանկարկում են «Իջեք, վերցրեք», «Հարյուր, հարյուր», նաեւ երգում են «Հիսունդ շնորհավոր», իսկ անցնող մեքենաներին կոչ են անում միանալ իրենց շարժմանը:
Քաղաքապետարանից ակտիվիստները կբաժանվեն խմբերի եւ ակցիաներ կսկսեն Երեւանի տարբեր հատվածներում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











