Այս գիշեր, քաղաքապետարանի առջեւ, որտեղ նստացույց են հայտարարել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները, ջրցան մեքենաների բավական մեծ ակցիա է տեղի ունեցել, որոնք շուրջ 6-7 անգամ շրջապտույտ են կատարել քաղաքապետարանի առջեւով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին այս պահին նստացույցին մասնակցող ակտիվիստները:

«Տեսնելով, որ մենք բարձրանում ենք խոտածածկի վրա, հասկացան, որ կարելի է նաեւ խոտածածկի ջրային համակարգը միացնել»,-ասացին նրանք:

Ակտիվիստներից մեկը նաեւ նշեց. «Բացի այդ մի քանի անգամ տրանսվիստիտները եկան, հարցեր էին տալիս, թե ինչումն է խնդիրը: Հատկանշականն է այն, որ նրանցից մեկն ասաց, որ իրենց ուղարկել են պարզել, թե ինչումն է կայանում ակցայի նպատակը»:

Հիշեցնենք, որ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները հոլիսի 26-ի կեսօրին նստացույց են սկսել քաղաքապետարանի առջեւ: Նրանք 7 կետից բաղկացած պահանջներ են առաջ քաշել: Պահանջներից մեկը վերաբերում է նրան, որ վերջին օրերին ուղեւորներին կրած վնասը փոխհատուցելու համար տրանսպորտի ուղեվարձը առաջիկա 5 օրերին պետք է դառնա 50 դրամ: Բացի այդ նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անօրինական որոշում ընդունելու եւ տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու, այնուհետեւ ժամանակավոր կասեցնելու համար։ Նաեւ պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ Երեւան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին եւ նշում, որ մինչեւ նրանք հրաժարական չտան, իրենք չեն հեռանա քաղաքապետարանի մոտից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքապետարանի որոշմամբ՝ հուլիսի 20-ից քաղաքացիները Երեւանում տրոլեյբուսով երթեւեկելու համար պետք է վճարեին 100 դրամ՝ նախկինի  50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով  երթեւեկելու համար 150 դրամ՝ նախկինի 100-ի փոխարեն: Քաղաքապետարանի այս որոշումն ընդվզում էր առաջացրել Երեւանում, որը օր օրի սկսել էր թափ առնել: Սկսվել էր նաեւ Free car ակցիան, որի շրջանակներում մի շարք դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, պատգամավորներ եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ մարդկանց անվճար տեղափոխում էին:

Ի վերջո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հուլիսի 25-ին կասեցրեց ուղեվարձի թանկացման որոշումը, սակայն շարժման ալիքը դեռ պահպանվում է:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am