Եթե Պռոշյանի գյուղապետարանի աշխատակիցները չեն ցանկանում աշխատել, ապա գյուղում կան բազմաթիվ կրթված երիտասարդներ, որոնք կցանկանան փոխարինել նրանց: Այս մասին հուլիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել գյուղապետ Արթուր Մուրադյանը` ընդգծելով, որ բոլորովին մտադիր չէ աշխատանքից զրկել ներկայիս աշխատակիցներին:

«Սպանված գյուղապետն իմ մարտական ընկերն էր եւ ես նույնպես շահագրգռված եմ, որ նրա սպանության գործը շուտափույթ կերպով բացահայտվի»,-նկատել է Արթուր Մուրադյանը: Ինչ վերաբերում է գյուղապետի նախկին տեղակալ Վովա Սահակյանի հրաժարականին, ապա նա ընդգծել է, որ վերջինս ինքն է հրաժարվել աշխատանքից: Աշխատակազմի քարտուղար Լուսինե Պետոյանին եւ կոմունալ բաժնի պետ Սեդրակ Հովհաննիսյանին աշխատանքից հեռացնելը գյուղապետը բացատրել է վերջիններիս` աշխատանքային ժամին չներկայալով: Սակայն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լուսինե Պետոյանն այդ տեղեկությունները հերքել է:

«Իմ պաշտոնավարության երկրորդ օրը ես բոլոր աշխատակիցներին գործնական ժողովի եմ հրավիրել, սակայն նրանցից ոչ մեկ չի ներկայացել: Ի՞նչ պետք է անեի»,-հարց է տվել Արթուր Մուրադյանը, նշելով, որ իր համար կարեւորը բնակիչն է, այլ ոչ թե գյուղապետի պաշտոնը: Նա կարծիք է հայտնել, որ իր ղեկավարած կառույցում կցանկանար աշխատել տարակուսակցական անձնակազմի հետ:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 14-ին: Ընտրություններում հաղթանակ է տարել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: ՀՅԴ անդամ Հրաչյա Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին: Գործի շրջանակներում ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները, լրատվամիջոցներում շրջանառվում էր նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը: