Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչյա Մուրադյանը շատ լավ ղեկավար էր, իսկ նրա սպանությունից  հետո գյուղի բնակչությունը երկու մասի է պառակտվել` դաշնակցականների եւ ոչ դաշնակցականների: Այս մասին  այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է  գյուղի բնակչուհի, թոշակառու Էմմա Ավետիսյանը:

«Մենք Արթուր Մուրադյանին ընտրել ենք` գյուղում կարգուկանոն հաստատելու համար:  Ժողովուրդը միաձայն է ընտրել: Իսկ նրանից բողոքողները վախենում են կորցնել իրենց աթոռները, չպետք է հավատալ նրանց», - նշել է Էմմա Ավետիսյանը, հավելելով, որ Արթուր Մուրադյանի մասին վատ խոսող բոլոր մարդիկ Պռոշյան գյուղի թշնամիներն են: 

Պռոշյանի գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանի եւ գյուղապետի օգնական Աղվան Սահակյանի զարմիկ Վաղինակ Սահակյանը հայտնել է, որ  անկախ Արթուր Մուրադյանի արդար կամ անարդար ճանապարհով ընտրվելուց, բնակչությունը պետք է նրան ընդունի որպես ղեկավար, քանի օր այդպես է  պահանջում օրենքը:  «Գյուղապետարանի աշխատակիցները պետք է մնային իրենց պաշտոններում եւ շարունակեին աշխատել նոր գյուղապետի հետ: Ի՞նչ նշանակություն ունի, որ նա ՀՀԿ-ից է», - ընդգծել է Վաղինակ Սահակյանը, որի փեսան Պռոշյանի ներկայիս գյուղապետ Արթուր Մուրադյանն է:

Գյուղի մեկ այլ բնակչուհի Հեղինեն ասաց. «Եթե մարդն արդար ճանապարհով է ընտրվում, ապա նա հաղթողի հոգեբանություն ունի, իսկ ներկայիս ղեկավարը նման հոգեբանություն չունի: Նրա միակ նպատակն է ազատել աշխատատեղերը` սեփական կադրերին աշխատանքի ընդունելու համար»: Նա նաեւ նշել է, որ հրաժարական տվող աշխատակիցների համար կարեւոր չէ կուսակցական պատկանելությունը, նրանք սովորական մարդիկ են, որոնք պատրաստ են աշխատել նորմալ աշխատանքային մթնոլորտի առկայության դեպքում: 

Պռոշյանի գյուղապետի ընտրությունները  տեղի են ունեցել հուլիսի 14-ին: Գյուղապետի պաշտոնի համար պաքարել են անկուսակցական, «ՀՀ Գլխավոր գերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր փոձագետ Ալեքսան Ալեքսանյանը, անկուսակցական,   «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանը, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ՀՀԿ-ի անդամ, գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը եւ ՀՀԿ-ի անդամ Արթուր Մուրադյանը, որը վերջին ընտրություններում պարտվել էր ապրիլի 2-ին սպանված ՀՅԴ-ի ներկայացուցիչ Հրաչյա Մուրադյանին: