Սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերում այս պահին օրակարգային է դեղձի բերքի իրացման հարցը, որն արդեն մեկ ամիս է փչանում է: Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ առատ բերք է սպասվում, սակայն գյուղացիները շարունակում են բերքը կամ վաճառել օրական մի քանի կիլոգրամ ճամփեզրին դրված դույլերով, կամ էլ վատագույն դեպքում օղի են սարքում: NEWS.am-ի Լոռու թղթակցի հետ զրույցում Նոյեմբերյանի տարածաշրջանի Արճիս, Այրում եւ Պտղավան համայնքի բնակիչները արդարացիորեն դժգոհել են, որ իրենց բերքն արդեն մեկ ամիս է փչանում է ծառերի վրա: Արճիս համայնքի բնակիչների պնդմամբ, նախորդ տարի էլ է նման վիճակ ստեղծվել, երբ դեղձի մի չնչին մասը Այրումի պահածոների գործարանը մթերել է խայտառակ ցածր գնով` 30-50 դրամով, ինչը բնակիչների պնդմամբ գին կոչել անթույլատրելի է:

«Հիմա որտեղ մթերում իրականացնենք, որ ոչ մի տեղ չեն ընդունում»,-ասում է արճիսեցի այգեգործը, որը նախորդ տարի հավաքել է 5 տոննա դեղձ եւ ողջ բերքը իրացրել սեփական ուժերով` ճանապարհներին ու այլ քաղաքներում: «Ընդունման կետ չկա, գործարան չի աշխատում, մենք էլ էստեղից քշում տանում ենք Երեւան, էժան բաժանում ենք ու հետ գալիս»:

Այրումի պահածոների գործարանի կողմից իրականացված մթերման հետ կապված էլ ասում են, որ բացի այն, որ  էժան են մթերել, նաեւ գումարները մինչ օրս չեն տվել: Սահմանամերձ այս գյուղերի բնակիչները կառավարությունից միայն մի բան են պահանջում` ստեղծել պայմաններ իրենց բերքը իրացնելու համար, հակառակ դեպքում վաղ թե ուշ իրենք էլ կլքեն երկիրը` գոյատեւման հարցը դրսում լուծելու հույսով:

Արճիսի բնակիչների դժգոհությունն ու մթերման հետ կապված խնդիրները հաստատում է նաեւ համայնքի ղեկավարը, նշելով, որ դեղձի մթերման հարցը համայնքի գերակա խնդիրներից մեկն է:

Երկու օր առաջ  Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղ այցի ժամանակ, որտեղ «Սպայկա» ընկերության կողմից իրականացվում են մթերման աշխատանքներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, որ նախորդ տարի մթերման հետ կապված խնդիրներ չեն առաջացել ու չեն լինի նաեւ այս տարի: Ամենաքիչը զարմանալի է, թե ինչպես է նախարարը պնդում, որ տարածաշրջանում ամեն ինչ հրաշալի է, երբ գյուղացիները հակառակն են համոզում, ցանկություն հայտնելով, որ նախարարը Դեբեդավան այցի ժամանակ կանգներ ու խոսեր դույլերով արեւի տակ դեղձ վաճառող գյուղացիների հետ, ոչ թե այցելեր այնտեղ, որտեղ արդեն իրականացվում են աշխատանքները:

«Նախարարը պետք է մեզնից իմանա խնդիրները, իսկ ինքը ցանկություն չունի:  Եթե ունենար, կգանգեր ու կհարցներ մեր որպիսությունը, ոչ թե ինքը, թե փոխնախարարը կգան, կանցնեն ու կգնան»,-դժգոհել են գյուղացիները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի այն դիտարկմանը, որ մարզի բնակիչներից բազմաթիվ դժգոհություններ կան նախորդ տարվա գնային քաղաքականության եւ ընդհանրապես մթերման աշխատանքների հետ կապված, եւ արդյոք նախորդ տարվա վատ վիճակը չի կրկնվի այս տարի, քանի որ բնակիչների փոխանցմամբ վերամշակող կազմակերպություններից շատերը նույնիսկ պարտքեր ունեն դեռ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ ինքը կուտակված պարտքերի մասին դժգոհություններ չի ստացել: «Թող կոնկրետ ասեն, թե ովքեր են այդ պարտքերը կուտակել, մենք այդ հարցով կզբաղվենք, մենք էդպիսի տեղեկություն չունենք, որ վերամշակող ճյուղի խոշոր գործարանները որեւէ մեկին պարտք ունենան: Եթե էդպիսի խնդիր կա, մենք կմիջամտենք»,-ասաց նա, վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է, որ ողջ բերքը մթերվի, իսկ գնին միջամտել իրենք չեն կարող: «Պետք է խելամիտ գին լինի, որ թե գյուղացու համար լավ լինի, թե նաեւ մթերողի»,-ասաց նախարարը, այդպես էլ չհստակեցնելով, թե արդյոք խելամիտ գին կարելի է համարել 35-50 դրամը:

Մանրամասները`տեսանյութում:

Լուսանկարը ՝ու տեսանյութը  Էդվարդ Արզումանյանի /NEWS.am