Հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունին: «Նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի հեմատոմա, ինչը սուր լեյկոզի առկայության հետեւանք է»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ սուր լեյկոզը կարող է տարբեր պատճառներ ունենալ: Գնունու խոսքով՝ այս պահին բժիշկները պայքարում են Մարկ Սաղաթելյանի կյանքի համար:
Նրա հարազատներից մեկը, որը նույնպես հիվանդանոցում է գտնվում, հայտնեց, որ երեկ Մարկն իրեն վատ է զգացել, ատամնացավ եւ արյունահոսություն է սկսվել, ջերմությունն է բարձրացել, որից հետո նա դիմել է բժշկի:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 30-ին, Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում: Մարկ Սաղաթելյանը ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
Մեր տեղեկություններով, նա այս գիշեր պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել է:











