Անհեթեթ է մտերիմ մարդու կորստի վերաբերյալ խոսքեր ասել, թախիծն ու տխրությունը կարելի է «լռության ճիչով» արտահայտել, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհի Զառա Արամյանը: 

«Մարկը միշտ էլ քնքշանքով է վերաբերվել ինձ: Ես միշտ էլ ասել եմ, թե ինչպես կարելի է ինձ այդպես վերաբերվել, նայիր իմ չափերին, որին Մարկը պատասխանում էր, թե՝ քնքշանքով է վերաբերվում իմ հոգուն», - պատմում է Զառա Արամյանը:  «Մարկի հետ ծանոթացել ենք «Մեր բակը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Մարկը կենսուրախ մարդ էր: Միշտ էներգիայով լի: Չնայած վերջերս ասում էին, որ  շուտ է հոգնում», - նշել է Արամյանը:

Ըստ դերասանուհու՝ մխիթարող է այն, որ Մարկը չէր գիտակցում իր հետ կատարվող սարսափելի բաները. «Չկա այնպիսի մարդ, ով չսգա նրա մահը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին վախճանվել է հայ հայտնի շոումեն եւ հեռուստահաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հուլիսի 31-ի ժ. 12:30-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը: Մարկի հիվանդությունն անբուժելի էր, եւ նա վախճանվել է՝ այդպես էլ գիտակցության չգալով: 

Հուլիսի 30-ին Մարկ Սաղաթելյանին ծանր վիճակում տեղափոխել էին  «Նաիրի» բժշկական կենտրոն: Այնտեղ հայտնել էին, որ Սաղաթելյանի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ:  Ըստ եղած տեղեկությունների՝ մեկ օր առաջ Սաղաթելյանը պետք է Գերմանիա մեկներ՝ բուժզննման, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով մեկնումը հետաձգվել էր: