Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցնում է, թե ինքը գծատեր չէ:

Քաղաքապետն այսօր՝ հուլիսի 31-ին շրջայց էր կազմակերպել Նոր Նորքի տարբեր զանգվածներում: Շրջայցի ժամանակ 168.am-ը Տարոն Մարգարյանից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է մեկնաբանում մամուլում շրջանառվող տեսակետներն ու տեղեկություններն այն մասին, թե ինքը «գծատեր» է եւ հասարակական տրանսպորտի թանկացումն առաջին հերթին իր համար է շահավետ: Ի պատասխան Տարոն Մարգարյանն ասել է, թե ինքը «գծատեր» չէ:

«Այն հայտարարությունները, որ Ավան վարչական շրջանում տրանսպորտի երթուղիները Տարոն Մարգարյանինն են, նման բան չկա: Էդ ամենը կարող եմ փաստաթղթերով ու փաստերով ֆիքսեմ: Ինձ համար զարմանալի է, որ նման բաներ են ասում»,- ասաց նա: Դիտարկմանը, թե՝ ասում են, որ «Ռոբերտ եւ Տարոն» ՍՊԸ-ն հենց Ձեզ է պատկանում, Երեւանի քաղաքապետն այսպես է արձագանքել. «Ես շատ ՍՊԸ-ներ, կազմակերպություններ, սպասարկման օբյեկտներ կարող եմ նշել, որոնց վրա գրված է՝ «Տարոն», դա ի՞նչ է, նշանակում է՝ ի՞մն են: Հարցը նաեւ այս կողմից պետք է դիտարկենք, հասկանանք»: Նա հավաստիացրել է, որ այն լուրերը, թե ինքը «գծատեր» է` հերյուրանքներ են միայն եւ շահարկվում են «որոշ անձանց» կողմից:

«Շահարկում են, որ Ավան վարչական շրջանում ինչքան խանութներ կան` իմն են, ինչ կա Ավանում՝ Տարոն Մարգարյանինն է: Ոչ, նման բան չկա: Ես ապրում եմ Ավանում, մեծացել եմ, իմ կյանքը Ավանում է եղել, ընտրվել եմ բնակիչների կողմից թաղային ղեկավար: Ու այն վստահությունը, որ Ավանի բնակիչները ունեն… բայց դա չի նշանակում, թե Ավանն իմ սեփակականությունն է, այն Ավանի ու երեւանցիների սեփականությունն է»,- նշեց Տարոն Մարգարյանը:

Շարունակությունը՝ կարդացեք 168.am կայքում