Սահմանամերձ Բերդ քաղաքում իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար թավշե արջուկներ պատրաստող կանանց մասին պատմությունը Սփյուռքում շատերին է ոգեշնչել: Հիմա այդ արջուկները ցանկանում են հայտնվել հեռուստատեսությունում նոր առաքելությամբ` Հայաստանի երեխաներին սովորեցնելու պաշտպանել շրջակա միջավայրը, եւ օգնություն են խնդրում:

«The Armenian Weekly»-ին տեղեկացնում է, որ շոուի դերասանական կազմում երկու արջուկներ են` Արչոն եւ Արշոն: Բարի Արչոն բնակվում է անտառում իր ընկերոջ` Մեղու մեղվի հետ եւ հոգ է տանում շրջակա միջավայրի մասին: Մի օր նա հանդիպում է Արշոյին, որը հանդես է գալիս շրջիկ կրկեսում` Թիթեռ թիթեռի հետ: Եւ այդ ժամանակ նրանց ճանապարհները հատվում են:

«Հայաստանում ջանքեր են գործադրվում` երեխաներին սովորեցնելու շրջակա միջավայրի պաշտպանության կարեւորությունը, սակայն այդ ջանքերը լայն տարածվածություն չեն գտել:  Դրանք պետք է լինեն առավել խոշոր ազգային նախաձեռնության մաս` սկսելով փոքրիկներից: Հենց այստեղ էլ պետք են Արչոն ու Արշոն եւ նրանց ընկերները` համակրելի, բարյացակամ  եւ զվարճալի»,-ասել է Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, ով նաեւ գյուղական վայրերում աշխատատեղերի ստեղծմանն աջակցող Հայրենիքի զարգացման նախաձեռնության հիմնադրամի հիմնադիրն է:

Սթրեյթը դիմել է  հայտնի հայ մուլտիպլիկատոր Վրեժ Քասունիի օգնությանը` Բերդի արջուկների կերպարները ստեղծելու համար: Նա երկու նպատակի է ուզում հասնել` բնապահպանական խնդիրների մասին տեղեկացմանը եւ Բերդի տիկնիկագործների համար մշտական աշխատանքի ստեղծմանը: Երբ սկսվի շոուն, կմեծանա նաեւ թավշե արջուկների պահանջարկը: Շոուն կպատրաստվի Հայաստանում` տեղի տաղանդների մասնակցությամբ: Առաջին քայլը կլինի  9-րոպեանոց դրվագի ստեղծումը, հետո եւս 24-ի: