Ակտիվիստ Վարդգես Գասպարին խախտել է վարչական օրենսգրքի 172/3 հոդվածը եւ ենթակա է պատասխանատվության: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստներին ու լրագրողներին հայտնեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նշենք, որ այդ հոդվածը (ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ) առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով:
Վալերի Օսիպյանի եւ ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ վեճ սկսվեց, որի ժամանակ, Երեւանի փոխոստիկանապետն ակտիվիստին ասաց. «Գիտե՞ք, թե ինչու եմ Ձեզ հետ խոսելիս կախում գլուխոս, որովհետեւ դուք շատ բարձր եք խոսում ու թքում եք»:
Ակտիվիստները որոշեցին գնալ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը: Ոստիկանները փորձեցին խոչընդոտել ակտիվիստների երթը, որից հետո վերջիններս մի քանի րոպեով փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը՝ նստելով հենց փողոցում, սակայն քիչ անց ոստիկանները բացեցին ճանապարհը:
Հիշեցնենք, որ «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:
Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկի ժամանակ մի կին է ուշաթափվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











