Քաղաքապետարանի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը երթով ժամանել է ոստիկանության կենտրոնականի բաժին, որտեղ բերման է ենթարկվել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ակտիվիստները պահանջում են անհապաղ ազատ արձակել բռնի ուժով բերման ենթարկված ակտիվիստին: Ակցիայի մասնակիցները բարձրախոսով հայտարարեցին, որ ոստիկանության գործողությունները եղել են անհամաչափ եւ նրանք Արգիշտի Կիվիրյանին ծեծելով են մտցրել ոստիկանական մեքենան:

Այդ ընթացքում ակցիայի մասնակիցներից մեկին զանգահարեցին քաղաքապետարանի մոտ մնացած ակտիվիստները եւ հայտնեցին, որ ոստիկանները վերադարձրել են գողացված պաստառները:

Ոստիկանության կենտրոնականի բաժինը շրջապատված է ոստիկաններով: Իրավիճակն այս պահին հանգիստ է:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:

Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ Արգիշտի Կիվիրյանին հարվածելով են բերման ենթարկել: «Ուժեղ հարվածեցին վզին, գլխին, մեջքին եւ մոտ մեկ տասնյակի հասնող ոստիկաններով, ոտքերից ու ձեռքերից բռնած մտցրեցին ոստիկանության մեքենան»,-ասաց ականատես կանանցից մեկը՝ հավելելով, որ ակտիվիստը դիմադրություն ցույց չի տվել, միայն ոստիկաններին ասել է վրաներից ձեռք մի տվեք:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:

Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկի ժամանակ մի կին է ուշաթափվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am