Րոպեներ առաջ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ազատ արձակվեց ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, որին բերման էին ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմացից, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Կիվիրյանը, ով նաեւ Armenia Today լրատվական կայքի համակարգողն է, նշեց, որ իրեն բերման ենթարկելիս ոչ մի հիմքեր չեն նշվել, ավելին՝ ավելի քան 10 հոգի ապօրինի կերպով զրկելով իրեն ազատությունից բռնությամբ նստեցրել են մեքենան եւ բերել ոստիկանության բաժին: Նրա նկատմամբ նաեւ ուժ է կիրառվել, մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ է ստացել, վնասել են գույքը:

Ակտիվիստն ասաց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ոչ ոք իրեն չի տեղեկացրել իր իրավունքների մասին, ուստի «այդ ամենն ապօրինի է եւ դրա համար պատասխանատու են Հայաստանի ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանն ու Սերժ Սարգսյանը»:

Հարցին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկելու, նա պատասխանեց, որ իրենց իրավունքների սահմաններում կփորձեն բողոքարկել այդ ապօրինի գործողությունները:

Արգիշտի Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության բաժնում որեւէ բան ստորագրել, եւ բանավոր հայտարարության մեջ նշել է, թե ինչու է հրաժարվում, քանի որ իրեն, ըստ էության առեւանգել են, իսկ լրատվամիջոցներով արված ցանկացած հայտարարություն կարող է համարվել հանցագործության մասին հաղորդում, քանի որ իր հանդեպ հենց հանցագործություն է կատարվել:

Ակտիվիստը նշեց, որ իր կողմից որեւէ հանցանք կամ զանցանք չի կատարվել, իսկ ոստիկանությունը խախտել է նաեւ իրեն ոստիկանությունում պահելու ժամկետները. Իրեն բերման են ենթարկել ժամը 12:20-ին, սակայն ազատ են արձակել 15:40-ին՝ խախտելով թույլատրված 3 ժամը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am