Կան մարդիկ, ովքեր  միայն պոզիտիվ լիցքեր են հաղորդում անկախ նրանից, թե ինչ է կատարվում իրենց հոգում: Ինքը Մարկը այդ տեսակն էր: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Նա նշեց, որ այս ամառ շատ ցուրտ ամառ ստացվեց: « Բոլորս մի տեսակ մրսում ենք, փշաքաղված վիճակում ենք: Մարկի մահը շատ սարսափելի էր: Այսքան անսպասելի, այսքան անժամկետ, բոլորս շոկային վիճակի մեջ ենք, ուժերը չեն հերիքում այս սարսափելի իրողության հետ համակերպվելու համար: Շատ դժվար է խոսքեր գտնել, շատ վատ բան եղավ եւ մենք բոլորս շատ մեծ կորուստ ունենք այսօր»,- նշեց Քրիստինե Պեպելյանը եւ ավելացրեց, որ շատ լավ եւ թանկ ընկեր կորցրեցին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու խոսքով, Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

Նա հուլիսի 30-ին պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

Այսօր Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է հոգեհանգստի արարողությունը: