Մարկ Սաղաթելյանը մի մարդ էր, որը միշտ ժպիտ էր պարգեւում: Այս մասին այսօր` Մարկ Սաղաթելյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Էմմա Պետրոսյանը:

Նրա խոսքով, անկախ նրանից ճանաչում ես Մարկին, թե ոչ, նա հեռուստատեսությունից միշտ ժպիտ էր պարգեւում: «Ուրախ ապրելու եւ իրար սիրելու կոչ էր անում, ինչը այսօր պակասում է մեզ: Այսօր շատ կարեւոր է լսել այդ խոսքերը եւ սիրել իրար: Ես շատ ցավում եմ, որ պակասեց մի շատ հիանալի հայ, տաղանդավոր մարդ, որին արդեն կարոտում եմ: Կարոտում եմ նրա հավաքական ուժը»,- ավելացրեց Էմմա Պետրոսյանը: Իսկ շոումեն Գրիգոր Աղախանյանը ավելացրեց, որ Մարկի հետ համարյա հասակակիցներ են եւ նա շատ մոտ է եղել «Շարմ»-ի տղաների հետ: «Բոլորը շատ լավ գիտեն, որ Մարկը տաղանդավոր, ինտելիգենտ անձնավորություն է: Այդ տեսակի մարդիկ հիմա շատ քիչ կան: Գիտեինք, որ արդեն կարգավորել էր  կյանքը անձնական ճակատում` ամուսնացել էր, բայց, ափսոս, շատ-շատ լավ մարդ կորցրեցինք»,- նշեց Գրիգոր Աղախանյանը:

Իսկ դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանը ասաց, որ բոլոր ժամանակներում այս հողն ու ջուրը շատ կորուստներ է կրել եւ հիմա էլ մենք, ոչ լավ բարոյական վիճակում ենք: «Երբ հայերը հեռանում են երկրից, ես դա համարում եմ կորուստ, իսկ այսպիսի կորուստը անհեթեթ կորուստ է: Ես դա չեմ կարողանում հասկանալ: Մենք բոլորս ցավում ենք այս մեծ կորուստի համար: Աստված հոգին լուսավորի: Այսպիսի տղաները ասելիք ունեին: Մարկի ամբողջ կյանքը հագեցած էր միայն ժպիտով եւ բարի խոսքերով»,- նշեց նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Նաիրի» բժշկական կենտրոնում հուլիսի 31-ին, ժամը 12:30-ին մահացել է հայտնի շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը: Հայաստանի գլխավոր անեսթեզիոլոգ Անատոլի Գնունու խոսքով, Մարկի հիվանդությունն անբուժելի էր, նա մահացել է՝ գիտակցության չգալով: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում:

Նա հուլիսի 30-ին պետք է մեկներ Գերմանիա՝ բուժզննում անցնելու համար, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով այցը հետաձգվել էր:

Այսօր Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացել է հոգեհանգստի արարողությունը: