Երեւանյան վարորդները բողոքում են, որ ստիպված են վճարել քաղաքի փողոցներում կայանման համար, որպեսզի չտուգանվեն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աշոտ անունով վարորդը նշեց, որ ինքը բանկում 2200 դրամ է վճարել մեկ ամսվա կայանման համար: «Մեզ բացատրեցին, որ տարվա համար պետք է վճարել 12 հազար դրամ, այսինքն անհասկանալի է, թե ինչու պետք է մեկ ամսվա համար վճարենք լրացուցիչ 1000 դրամ: Բացի այդ, ես չեմ տեսել այդ օրենքը, չգիտեմ, թե ինչ է այն իրենից ներկայացնում»,-հայտարարեց Աշոտը:
Մեկ այլ վարորդ՝ մասնագիտությամբ բժիշկ, ասաց, որ աշխատում է գերմանական ընկերությունում եւ իր մեքենայի կայանման համար արդեն վճարել է այդ ընկերությունը: Միաժամանակ նա ցույց տվեց, թե ինչպես կարելի է վժարել SMS հաղորդագրության միջոցով:
Երրորդ վարորդը կտրուկ կերպով եւ հիասթափված հայտարարեց, որ ոչ մի դրամ չի վճարելու, քանի որ չունի բավարար դրամական միջոցներ:
Վարորդների հետ զրույցների արդյունքում պարզ դարձավ, որ նրանք չգիտեին Երեւանի քաղաքապետարանի որոշման մասին, որով կայանման համար տուգանքները հետաձգվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը: Հավելենք նաեւ, որ վարորդներից մեկը հայտնեց, որ իր ընկերոջն արդեն տուգանել են 5 հազար դրամով:
Հաշվի առնելով փաստը, որ հուլիս-օգոստոս ամիսները ակտիվ հանգստի ժամանակաշրջան է եւ շատ երեւանցիներ գտնվում են քաղաքից դուրս, օգոստոսի 2-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ՝ որոշվել է վարչական տուգանքների կիրառումը հետաձգել մինչեւ սեպտեմբերի 1-ը այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն վճարել մեքենայի կայանման համար: Բացի այդ, քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ ոչ մի վարորդ մինչ օրս չի տուգանվել:
«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենաների կայանման վայրերում հսկողությունն իրականացվում է տեսախցիկների օգնությամբ, որոնք տեղադրված են հատուկ մեքենաների մեջ:
Անդրադառնալով տուգանքներին, նա ընդգծեց, որ արձանագրության կազմումը եւ տուգանքից չափի որոշումը կիրականացնի Երեւանի քաղաքապետարանը:
Նշենք, որ ըստ քաղաքապետարանի ավելի վաղ ընդունած որոշման՝ օգոստոսի 1-ից Երեւանի փողոցների կարմիրով նշագծված հատվածներում մեքենաների կայանումը վճարովի է լինելու: Կայանման առաջին 5 րոպեն անվճար է, դրանից հետո մինչեւ մեկ ժամը՝ 100 դրամ, որից հետո վճարը մեկ օրվա համար կկազմի 500 դրամ: Մեքենան մեկ շաբաթով կայանելու համար պետք է վճարել 1000 դրամ, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, իսկ մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:











