Ստամբուլի Բոյաջըքյոյի Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանը դիմել է Թուրքիայի ՆԳ նախարարոՍւթյան քաղաքացիության գործերով գլխավոր վարչություն`պահանջելով իրենց հանձնել 2 ծածկագիրը կրող քաղաքացիների ցուցակները:

Թուրքական Demokrathaber-ի  կայքի փոխանցմամբ՝ Սուրբ Երից Մանկանց եկեղեցու հիմնադրամի նախագահ Նազար Օզսահակյանի գրավոր դիմումի մեջ նշվել է, որ տեղեկատվության ստացման օրենքի շրջանակներում պահանջում է իրենց հանձնել հատուկ ծածկագրով նշված բոլոր հայերի ցուցակները: Դիմումում ասվել է, որ վերջին շրջանում հայտնի է դարձել, որ Թուրքիայի հայերը կրում են հատուկ ծածկագիր եւ առաջիկայում հիմնադրամի խորհրդի ընտրությունների հետ կապված անհրաժեշտ են հայ ընտրողների ցուցակները:

Նշենք, որ օրեր առաջ Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը,  քրիստոնեության վերադարձած եւ իրենց երեխային արդեն հայկական դպրոց ուղարկել ցանկացող ընտանիքը դժվարին գործընթացի ժամանակ բացահայտել է, որ Թուրքիայի հանրապետության ստեղծումից ի վեր, Թուրքիայի հայերը կրում են գաղտնի ծածկագիր:  Այսպես, երեխայի հարցով Ստամբուլի կրթության նահանգային վարչության կողմից Շիշլիի կրթության վարչություն ուղարկված պաշտոնական գրության մեջ բացահայտվել է, որ հայերը կրում են 2 ծածկագիրը:

Այս փաստը մեծ արձագանք է գտել Թուրքիայի առաջադեմ հասարակության շրջանում: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն այս հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարան՝ իշխանություններից բացատրություն պահանջելով այս փաստի առթիվ: