Կոմիտաս 5-ում ոստիկանների բռնությունների դեմ օգոստոսի 27-ին կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ չորս կետից բաղկացած նամակ-պահանջ փոխանցեցին ՀՀ դատախազությանը: (ֆոտոռեպորտաժ)
Երթի մասնակիցներից Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ դատախազությանն ու ոստիկանությանն ուղղված պահանջները: Ոստիկանությունից, մասնավորապես, ակտիվիստները պահանջում են ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղ հավաքի իրականացման իրավունքի արդյունավետ եւ գործնական իրացումը, երկրորդ՝ հայտնաբերել եւ պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակիցների նկատմամբ սադրիչ գործողություններ իրականացրած «քաղաքացիական սադրիչներին, ահաբեկիչներին», երրորդ՝ ապահովել արդյունավետ խաղաղ հավաքի իրավունքի իրացման վերահսկողություն եւ զերծ մնալ հավաքի մասնակիցների նկատամբ անօրինական գործողություններից: Իսկ չորրորդ կետով ակտիվիստները ՀՀ դատախազությունից պահանջում են քրեական գործ հարուցել քաղաքացիների եւ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա եւ պատասխանատվության կանչել օրինախախտ ոստիկաններին:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, որ այսքանով ակցիան չի ավարտվում: Նա տեղեկացրեց, որ հավաքված փաստերի հիման վրա հանրային լսումներ են կազմակերպելու եւ հրավիրելու են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ու իրավապահներին՝ քննարկելու, թե իրավապահ համակարգի բարելավմանն ուղղված դրամաշնորհներն ինչպես են փոշիացվում:
Արթուր Սաքունցը նաեւ հիշեցրեց, որ ԶԼՄ-ներում հրապարակվել են ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ծեծի, ապօրինի բերման ենթարկելու, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ընդհուպ մինչեւ սեռական ոտնձգության դրսեւորման փաստեր:
Ոստիկանների վերահսկողությամբ ընթացած ակցիայի եւ երթի ժամանակ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ լուրջ բախումներ չեղան: Սակայն հրմշտոցից եւ լեզվակռվից խուսափել չհաջողվեց:
Ավելի ուշ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան, որտեղ արդեն մեկ ամսից ավելի նստացույց են անում Վահագն Մինասյանը, Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը: Այստեղ ակտիվիստները պահանջեցին, որպեսզի գտնեն և բերման ենթարկեն «պապայի բալեքին»:
Քաղաքապետարանի մոտ նույնպես ոստիկանները պատ են կազմել: Այսքանով ոստիկանության գործողությունների դեմ բողոքի ակցիան կարելի է համարել ավարտված:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











