Twitter-ում նոր գործառույթ է հայտնվել, որը հեշտացնում է առանձին հաղորդագրությունների մեկնաբանությունների ընթերցումը, հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում:
Որեւիցե թվիթի տակ գրված բոլոր պատասխաններն այժմ խմբավորվում են ժամանակագրական կարգով եւ իրար մեջ կապվում երկնագույն գծով: Բացի այդ, մեկնաբանությունների մեծ քանակության դեպքում օգտվողներին տեսանելի կլինի միայն դրանցից երեքը: Բոլոր մնացածները տեսնելու համար պետք է սեղմել «Ցուցադրել բոլորը»:
Նաեւ օգտվողներին հնարավորություն է տրվում ավտոմատ բողոք ներկայացնել Twitter-ին սփամի եւ վիրավորանքների վերաբերյալ: Այս գործառույթը կներդրվի աստիճանաբար, եւ այժմ միայն iPhone-ի համար Twitter-ի շարժական հավելվածում է հասանելի: Lenta.ru-ն հայտնում է, որ բողոքների մեխանիզմը հեշտացնելու որոշում է կայացվել ֆեմինիստուհի Քերոլին Կրիադո-Պերեսի եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Ստելլա Կրիզի հետ կապված սկանդալից հետո, որոնց սոցցանցում սպառնացել էին բռնաբարել:





























