ԱՄՆ-ի կողմից սահմանափակ «հատուցումը» Սիրիայում կարելի է հնարավոր համարել, սակայն դա չի փոխում «խաղի կանոնները»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հատնել է Արեւմտյան Անգլիայում Բրիսթոլի համալսարանի ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախը՝ անդրադառնալով Սիրիայում քիմիական հարձակումից հետո ԱՄՆ հետագա գործողություններին:
Նա նշել է, որ բոլորը սպասում են ՄԱԿ-ի փորձագետների զեկույցին, որպեսզի տեղի ունեցածի վերաբերյալ որեէ ապացույց ունենան:«Կարծում եմ Սիրիայում հնարավոր է ԱՄՆ-ի կողմից սահմանափակ «հատուցում»՝ «պաշտպանելու պատասխանատվության» սկզբունքի շրջանակներում: Միջամտությունը, այդ թվում նաեւ հումանիտար, միշտ հիմանվորվում է մի շարք գործոններով, եւ Սիրիայի աշխարհաքաղաքականությունը իրականում շատ բարդ է»,- ընդգծել է Գյունտեր Վալցենբախը:
Այն մասին, թե եթե իրականում Արեւմուտքին իսկապես հետաքրքրեր Սիրիայի քաղաքացիների ճակատագիրը, ապա պետք էր շատ ավելի շուտ միջամտել, նա նշել է, որ նախաձեռնությունը բարդ խնդիր է, քանի որ նրանում մի քանի երկիր է ներգրավված: «Սակայն «կարմիր գիծը» մշտապես առկա է: Քիմիական զենքի կիրառումը որակապես փոխեց կոնֆլիկտը եւ հանգեցրեց համապատսախան արձագանքի»,-նկատել է փորձագետը:Նրա խոսքով այս պահին հնարավոր է մեկ կամ մի քանի «հատուցում», սակայն դա ըստ էության ոչինչ չի փոխի: «Եւ միայն ժամանակը ցույց կտա, արդյոք սա հետագա շիկացման առաջին քայլն էր, թե ոչ»,- ընդգծել է նա:Այն հարցին, թե «հատուցման» արդյունքում որն է ԱՄՆ-ի շահը, Գյունտեր Վալցենբախը պատասխանել է, որ այդ կերպ Ամերիկան «կփրկի իր դեմքը», ցույց կտա, որ ինքը տարածաշրջանում իր հետաքրքրություններն ունի, եւ որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ «աշխարհի միակ ոստիկանը»:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ «20-ի խմբի» առաջիկա հանդիպոմը կարող է կենտրոնացնել Սիրիայի հանդեպ ուշադրությունը: «Հանդիպման ընթացքում արեւմտյան պետությունների առաջնորդները կփորձեն կոնֆլիկտի լուծման համատեղ մոտեցում մշակել, սակայն հասկանալի է, որ դրական տրամադրվածության համար հիմքեր չկան»,- կարծում է Գյունտեր Վալցենբախը:Անդրադառնալով սիրիական կոնֆլիկտում Թուրքիայի եւ Իրանի դերին, նա նշել է, որ Թուրքիան ու Իրանը հակամարտող կողմերի դաշնակիցներ են: «Առանց Թուրքիայի կվատթարանա հումանիտար դրությունը, իսկ Իրանը Արեւմուտքի հետ ավելի չափավոր հարաբերություններ ունի, սակայն Սիրիան կարող է փոխել իրավիճակը: Երկու պետություններն էլ, անկասկած, տարածաշրջանում գերակայող ուժ են, կամ թերեւս ձգտում են դրան: Հետեւաբար նրանք պետք է այդ ճանապարհին փորձեն օգտագործել սիրիական կոնֆլիկտը»,- եզրափակել է Գյունտեր Վալցենբախը:





























