FEMEN-ի գործն Ուկրաինայում ապրում եւ անգամ հաղթանակում է. հարյուրավոր կիեւցիներ մերկացել են՝ նոր հագուստ ձեռք բերելու ակնկալիքով:
«Եկա մերկ, գնացի հագնված» ակցիան կազմակերպել էին Կիեւի առեւտրի կենտրոնի տերերը՝ գովազդի շրջանակում, եւ հավանաբար, թերագնահատել էին իրենց հայրենակիցների ագահության կամ անբռնազբոսության աստիճանը: Դեռ մինչ խանութի բացվելը՝ փողոցում ներքնազգեստով մարդկանց ամբոխ էր հավաքվել, որոնց չէր խանգարում ոչ ամոթը, ոչ էլ անձրեւը:
Երբ ազդարարվել էր մեկնարկը, մերկ մարմինները հարձակվել էին խանութների վրա: Այնտեղ հագուստների դարակներում թաքնված էին անվճար շապիկներ, վարտիքներ եւ մարզական կոշիկներ ստանալու կուպոններ: Ըստ կազմակերպիչների՝ 32 երջանիկների բախտը բերել է:
Ամենախիստ քննադատներն այսօր ակցիան համեմատում են Բուլգակովի «Սատանայի պարահանդեսի» հետ: Իսկ մյուսները, հակառակը, խոսում են սպառողական դրախտի մասին, հաղորդում է ՆՏՎ-ն:











