Ըստ 5-րդ դասարանի «Տեխնոլոգիա» առարկայի դասագրքի՝ հավի միսը, ձուկը, ձուն և կարագը ածխաջրեր են պարունակում, իսկ մեղրը՝ ճարպ։ Սննդի ու սնվելու նշանակության դասի աղյուսակում առկա նմանատիպ կոպիտ սխալները նկատել և առանձնացրել են դիետոլոգ Լիդիա Այվազյանն ու էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը։ Մասնագետները տեսանյութ են նկարահանել՝ ուսուցիչներին հորդորելով չհենվել դասագրքի սխալ ինֆորմացիայի վրա:
Դասագիրքը տպագրվել է 2023 թվականին, և աշակերտներն արդեն 3-րդ տարին է սովորում են դրանով։ Սխալները նկատել են հատկապես այն աշակերտների ծնողները, որոնք մասնագիտությամբ բժիշկ են։
NEWS.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասել է, որ ահազանգեր է ստացել նաև այլ դասագրքերում տեղ գտած վրիպակների վերաբերյալ։
«Մի ակնհայտ օրինակն այն էր, որ առաջին դասարանի Մայրենիի դասագրքում Մեսրոպ Մաշտոցի նկարն էր բաց թողնված, և դա ընդունեց նաև նախարարությունը՝ ասելով, թե հետո կուղղեն»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է Մխիթարյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ դպրոցական դասագրքերում նման բովանդակային սխալների պատճառը դրանց ստեղծման և գնահատման համակարգային խնդիրներն են․ դրանք բավարար մասնագիտական փորձաքննություն չեն անցնում և կիրառության մեջ են դրվում սեղմ ժամկետներում։ «Նորմալ երկրներում այդ գործընթացը տարիներ է տևում, որովհետև գիրքը պետք է փորձարկվի, սխալներն ուղղվեն, մասնագիտական փորձաքննություն անցնի և նոր մուտք գործի դպրոց։ Ցավոք սրտի, Հայաստանում այդ ամբողջ շրջափուլը չի գործում․ ոտքի վրա անում են, որ մտցնեն դպրոց»,- NEWS.am-ին ասել է Ատոմ Մխիթարյանը։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից NEWS.am-ին հայտնել են, որ կուսումնասիրեն խնդիրն ու կարծիք կհայտնեն, իսկ դասագրքի հեղինակ Ժաննա Ավետիսյանից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել։











