Սերվերը, որում պահվում էին WikiLeaks պորտալի տվյալները, eBay աճուրդում վաճառվել է 33 հազար դոլարով:

Շվեդական Bahnhof ինտերնետ-ընկերության ներկայացուցիչները, որոնք սերվերը վաճառքի են հանել, չեն նշել գնորդի անունն ու քաղաքացիությունը, ընդգծելով միայն, որ նա Շվեդիայի հպատակ չէ: Bahnhof-ում նաեւ նշել են, որ թեեւ սերվերից ամբողջ տեղեկատվությունը ջնջվել է, այն «համաշխարհային պատմության մի մաս է» եւ «հսկայական խորհրդանշական նշանակություն ունի»: Ստացված գումարները կփոխանցվեն ոչ կոմերցիոն ընկերությունների հաշիվներին:

Հիշեցնենք, որ այն մասին, որ WikiLeaks կայքի սերվերը ինտերնետ-աճուրդի է հանվել, հայտնի է դարձել սեպտեմբերի 4-ին: Հաղորդվում էր, որ սերվերն աշխատանքային վիճակում է:

WikiLeaks կայքի սերվերը վաճառվում է eBay-ում

WikiLeaks պորտալը մասնագիտանում է գաղտնի փաստաթղթերի հրապարակման վրա: Ռեսուրսը համաշխարհային հռչակ է ձեռք բերել 2010-ին՝ Իրաքի պատերազմի մասին հազարավոր գաղտնի փաստաթղթեր հրապարակելուց հետո: Ներկայումս WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում: