Գիտնականների խումբը գտել է աջլիկության կամ ձախլիկության համար  պատասխանատու գենը եւ իր հոդվածը հրապարակել է  PLoS Genetics ամսագրում։

Ձեռքերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ մարդկային բացառիկ հատկություն է, ընդ որում Երկրի բնակչության 75- 90%-ն աջլիկ են: Հայտնի է, որ  աջ կամ ձախ ձեռքը գործածելու ունակությունը որոշվում է գենետիկորեն, սակայն մինչ այժմ չի հաջողվել պարզել, թե հատկապես  որ գենն է մասնակցում այդ գործընթացին:

Բրիտանական Սենտ Էնդրյուսի համալսարանից Սիլվիա Պարակչինին եւ նրա գործընկերները երկու ձեռքի հմտություններին տիրապետելն ուսումնասիրել են ավելի քան 3 հազար մարդու մոտ: Նրանց խնդրել են 10 էջ  թերթել սկզբում ձախ ձեռքով, իսկ հետո՝ աջ: Գիտնականները նշել էին, թե որքան ժամանակ էր դրա համար հարկավոր կամավորներին: Ցանկացած ձեռք թեսթավորվել էր» հինգ անգամ: Այնուհետեւ գիտնականները վերլուծել էին  փորձի մասնակիցների գենետիկ ինֆորմացիան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Արդյունքում նրանք հայտնաբերել էին, որ  աջլիկ կամ ձախլիկ լինելը որոշվում է PCSK6 գենում: Այդ գենը նախկինում ուսումնասիրվել է, հիմնականում մկների հետ փորձերի ժամանակ: Այն ժամանակ ուսումնասիրողները տեսել էին, որ  դրա վնասվելը կենդանիների մոտ ձախակողմյան ուղղվածություն է առաջացնում՝ մարմնում օրգանների ոչ ներդաշնակ դասավորվածություն, որի դեպքում փորձամկների սիրտն ու ստամոքսը աջ, իսկ լյարդը՝ ձախ կողմում է եղել: