Ստեղծվել է հայկական եւ հայալեզու ինտերնետային կայքերի որոնման առաջին մասնագիտացված համակարգը՝ Hanguyc search-ը կամ Hsearch-ը, որը հնարավորություն կտա աշխարհին ներկայացնել հայկական կայքերին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը` ավելացնելով, որ ազգային որոնման համակարգի առկայությունը ունի նաեւ ռազմավարական նշանակություն:
«Պետք է ունենալ սեփական կամ ազգային որոնողական համակարգ, քանի որ, օրինակ` եթե Google-ին անհրաժեշտ լինի, որպեսզի հայկական էջերը չլինեն, նա պարզապես կջնջի դրանք, եւ Հայաստանը դուրս կմնա այդ համակարգից»,- ասաց Աբրահամյանը` ավելացնելով, որ սեփական տվյալների բազայով որոնողական համակարգ գոյություն չունի, իսկ գոյություն ունեցողները օգտագործում են այլ որոնողական համակարգերի ստեղծած բազան:
«Հայկական որոնման համակարգի շնորհիվ կարելի է շատ արագ գտնել ցանկացած հայերեն տեղեկատվություն, անգամ փնտրվող բառի ներքին հոլովմամբ, օրինակ՝ „տուն“ կամ „ուշադրություն“ բառերը փնտրելիս համակարգը կբերի նաեւ տան եւ ուշադրության բառերի տարբերակները»,- ասաց Աբրահամյանը՝ ավելացնելով, որ նոր համակարգի շնորհիվ հնարավոր կլինի unicode-ով հայերեն բառեր փնտրելու դեպքում, դրանք գտնել նաեւ fonetic-ով:
Աբրահամյանի խոսքով՝ հայկական որոնման համակարգը ունի մի շարք առանձնահատկություններ՝ կարելի է փնտրել ցանկացած բառ՝ ցանկացած կայքում, անգամ առանց տվյալ էջ մտնելու. պարզապես գրել կայքի հասցեն եւ փնտրվող բառը, իսկ արդյունքները կգտնվեն հենց այդ կայքից։
«Որոնման համակարգի բազան օրեցօր թարմացվում եւ ավելացվում է, եւ շուտով ինտերնետում չի մնա հայկական ոչ մի տարր, որ ընդգրկված չլինի „Հանգույցի“ բազայում»,- ասաց «Հանգույց» ստեղծագործական խմբի ղեկավարը։
Տեղեկացնենք, որ «Հանգույց» ստեղծագործական խումբը ձեւավորվել է 2003թվականին։


























