«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պատվիրակության մյուս անդամների հետ հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամանեց Երեւան: Օդակայանի սպասասրահում, զրուցելով լրագրողների հետ, նա շնորհակալությւոն հայտնեց բոլորին, ովքեր ծաղիկներով ու պատգամավորին սատարող պաստառներով եկել էին դիմավորելու իրեն: (ֆոտոռեպորտաժ)

«Բոլորս միասին ենք, միասին դեռ շատ բաների ենք հասնելու: Քննադատությունները չեն կաշկանդելու իմ գործունեությունը: Այդ բողոքը մեր սրտերում է, բոլորիս մեջ է, եւ այդ բողոքն եմ ես փորձում արտահայտել: Ես կատարել եմ իմ պարտականությունը, որով ինձ լիազորել են քաղաքացիները: Ես տվել եմ այն հարցը, որը կտար յուրաքանչյուր քաղաքացի»,- ասել է Զարուհի Փոստանջյանը: 

Զարուհուն դիմավորել են ծափողջյուններով, աղուհացով, նրա գլխին վարդի թերթիկներ են շաղ տվել: Կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կողմից ազատամարտիկները Փոստանջյանին ծաղիկներ են նվիրել եւ աջակցություն հայտնել:

Հիշեցնենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծվել էր «Ես գնում եմ դիմավորելու Զարուհի Փոստանջյանին» խումբ, որը մի քանի հարյուր մասնակից էր հավաքել: Նախաձեռնությանը միացել էին գրողներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, որոնց մի մասն այսօր օդակայանում էին: 

Նախագահ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում Փոստանջյանի ուղղած հարցից հետո պատգամավորին քննադատողները, ովքեր նախապես հայտարարել էին, որ օդակայան են գնալու ձվերով ու պոմիդորներով, օդակայան չեն գնացել: 

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ լիագումար նիստում հոկտեմբերի 2-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը նրան հետեւյալ հարցն էր ուղղել. «Դուք այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի կամքով, այլ կազմակերպված հանցագործության, հայ ժողովրդի քվեի գողության հետեւանքով: Ուստի Դուք դե յուրե չեք կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը: Ես Ձեզ այլ հարց կտամ: Դուք Եվրոպայում կազինոյում եղե՞լ եք եւ այնտեղ կորցրե՞լ եք 70 միլիոն եվրո, եւ ո՞վ է վճարել Ձեր տեղը այդ գումարը»:

Ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել էր. «Ես ազարտային խաղեր չեմ խաղում եւ չեմ եղել եվրոպական կազինոներում: Ես հնարավորություն չունեմ տնօրինել 70 մլն եվրո: Եթե ես այդքան գումար ունենայի, դրա մի մասը ձեզ կնվիրեի, որ գոհ լինեիք կյանքից եւ այդպիսի չարություն Ձեր մեջ չկուտակվեր»: