Ժամը 16։50-ի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները հեռացան «Ծածկած շուկայի» տարածքից՝ այնտեղ թողնելով գոռգոռացող ու «վուվուզելաներ» փչող՝ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սատարողների խմբին։ Ակտիվիստները վերադարձել են Մաշտոցի պուրակ, որտեղից սկսել էին իրենց երթը։ Մինչև հեռանալը նրանք լուրեր են տարածել, թե այսօր կրկին վերադառնալու են «Ծածկած շուկա», ինչի պատճառով Ալեքսանյանին սատարողները երկար ժամանակ չէին կողմնորոշվում՝ հեռանալ շուկայի տարածքից, թե ոչ։ Երթը, սակայն, ավարտվել է Մաշտոցի պուրակում։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ակտիվիստներին կոչ է արել այս պահից սկսած «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղեղել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը վարկաբեկող կոչերով և ծաղրանկարներով՝ հորդորելով բոլորին բոյկոտել Սամվել Ալեքսանյանի առևտրային ցանցը։

Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ից սկսում է ամենօրյա բողոքի ակցիաները դեպի «Ծածկած շուկա»՝ չբացառելով բախումների հնարավորությունը։  

«Մենք երկար սպասեցինք շուկայի ճակատագրի վերաբերյալ իշխանությունների արձագանքին։ Ստացանք միայն քար լռություն կամ կցկտուր պատասխաններ։ Մինչ նրանք քննարկում են, սեփականատերն արդեն թեկուզ ոչ պաշտոնապես, բայց բացել է շուկան։ Մեր շարժումն իր պարտքն է համարում կանխել այնտեղ կատարվող ապօրինությունը։ Չենք բացառում բախումները։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում եւ ինչու»,- ասել էր քաղաքացիական ակտիվիստ Վարդան Հակոբյանը։

Մինչև ակտիվիստների ժամանելը հոկտեմբերի 9-ին շուկա էր այցելել Սամվել Ալեքսանյանը, որի ընտանիքին է պատկանում «Ծածկած շուկան»։ Սուպերմարկետի բացման առիթով հոկտեմբերի 9-ին հացն անվճար են բաժանել քաղաքացիներին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am