Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում ազատամարտիկ Վալոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ստորագրությամբ ազատելու հայցով նիստն անցավ դռնփակ, ինչը վրդովմունքի ալիք բարձրացրեց ազատամարտիկին սատարելու եկած մարտընկերների շրջանում։ Դատարանի բակում հավաքված ազատամարտիկները ներխուժեցին դատարանի դահլիճ, սակայն, ավելի ուշ դուրս եկան, քանի որ Վոլոդյա Ավետիսյանը խնդրել էր «բոյկոտ» չանել և հանգիստ սպասել նիստի ավարտին:
Նիստն ընդհատվել է աշխատանքային օրվա ավարտի պատճառով։ Հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին։ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ պաշտպանական կողմը դատարանին դիմել է ազատամարտիկին համաներմամբ ազատ արձակելու հարցով։
Հարցին, թե արդյոք իրենց նպատակը Վոլոդյային արդարեցնելը չէ, փաստաբանը պատասխանեց. «Մեզ համար ամենակարևորը Վոլոդյային ազատ արձակելն է, մնացած քայլերի մասին հետո կմտածենք»։
Վոլոդյա Ավետիսյանը փաստաբանի միջոցով բարևներ էր փոխանցել իր ընկերներին։
«Ինքը էդ տղեն չէր, ինքը խուժան չէր, խուժանի պես մոտեցան իրան։ Ինքը ափսոս է։ Ինքը էնքան բան է արել էս ազգի համար, որ գոնե դա գնահատեին։ Սարսափելի է, որ մեր սերունդը կտեսնի, իր ազատամարտիկին ոնց կճնշեն։ Էդ սերունդը ի՞նչըղ պիտի էրթա, կռվի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց գյումրեցի ազատամարտիկ Յուրա Աթոյանը, որի նախաձեռնությամբ էին ազատամարտիկները ներխուժել նիստերի դահլիճ։
Վերաքննիչի բակում էին նաեւ ազատամարտիկի երեք անչափահաս երեխաները։











