«Հայրենիք» կինոթատրոնի հետնամասում գտնվող Երեւանի զբոսաշրջության պասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տարածքում դեռ աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության աշխատակիցները։ Տարածքը մեկուսացրել են, քոլեջում դասերը դադարեցրել, ուսանողներին ուղարկել տուն։

ՀՀ ոստիկանությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ կատարվածի հետեւանքով եւս մեկ մարդ է տուժել։ Նրա անունը դեռ չի հաղորդվում։ Ավելի վաղ հաղորդվում էր միայն մեկ տուժածի մասին։

Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են տարբեր փորձաքննություներ։

Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ կոտրվել են տարածքում եւ հարակից բակում կայանած երկու մեքենաների ապակիները։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Հայ-հունական պետական» քոլեջի բակում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 9.20-ի սահմաններում, ուժեղ պայթյուն է որոտացել աղբը այրելու հետեւանքով։

Պայթյունի հետեւանքով  տուժել է բակի աշխատակիցներից  62-ամյա  մի տղամարդ՝ Կնյազ Հ.-ն, որը տնօրենի խոսքով, բանվոր էր:

Տուժածի վիճակը լավ է: NEWS.am-ի թղթակցին «Երեւան» բ/կ-ից հայտնեցին, որ նա մանր վերքեր ունի դեմքի, ձեռքերի, ոտքերի հատվածում եւ առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս կգրվի հիվանդանոցից:

Տնօրենի փոխանցմամբ՝ տարածքում շինարարություն են անում, հնարավոր է՝ աղբի մեջ եղել է քիմիական լուծիչ, ինչն էլ պայթյունի պատճառ կարող էր դառնալ:

Աղբակույտը տարածքից հեռացրել են, տեղում զննություն է կատարվում։